Էրազմուս+ «ARMDOCT» և «MODEST» կարողությունների զարգացման ծրագրերը նախաձեռնեցին համատեղ առցանց վեբինար
2021թ․ փետրվարի 2-ին Էրազմուս+ ARMDOCT և MODEST ծրագրերի կոնսորցիումների անդամները նախաձեռնեցին «Համագործակցային դոկտորական կրթություն. համալսարան-արդյունաբերություն գործընկերություններ» թեմայով համատեղ վեբինար: 100-ից ավել մասնակիցներ հանդիպեցին առցանց՝ ուսումնասիրելու Իտալիայում, Լատվիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում արդյունաբերության հետ համատեղ դոկտորական ծրագրերի կազմակերպման պրակտիկան, ազգային քաղաքականությունն ու կառույցները, ինչպես նաև համալսարան-արդյունաբերություն գործընկերության սխեմաները:
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ շեշտադրելով գիտելիքահեն հասարակություն կառուցելու գործընթացում արդյունաբերության և ակադեմիայի միջև մշտական երկխոսության պահպանման կարևորությունը:
Տերամոյի համալսարանի միջազգայնացման և համատեղ ուսումնական ծրագրերի պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտիան ներկայացրեց Իտալիայում 2013թ.-ի նախարարական հրամանագրով ներդրված արդյունաբերական ասպիրանտական (PhD) ծրագրերը, որոնք ստեղծվել են` հաշվի առնելով համալսարանների և բիզնեսի ընդհանուր հետաքրքրությունները, այն է՝ խթանել հետազոտական նորարարությունը և վերապատրաստման, ուսուցման գործընթացների միջոցով գիտելիքների և հմտությունների փոխանցումը:
«MODEST» ծրագրի համակարգող, Լատվիայի համալսարանի ուսումնասիրությունների զարգացման և բուհական կառավարման բարելավման ծրագրի տնօրեն Ինգա Սկենդերեն խոսեց Լատվիայում դոկտորական կրթության բարեփոխումների փորձի մասին: Լատվիայի կառավարության Գործողությունների ծրագրի համաձայն` նախատեսվում է դոկտորական կրթության նոր մոդելի ներդրում, որը կապահովի մրցակցային ուսումնական ծրագրերի առկայություն, ակադեմիական պաշտոնի առաջխաղացման (tenure track) և բարձրագույն կրթության ու գիտահետազոտական ռեսուրսների համախմբման մեխանիզմների կիրառում, ինչպես նաև կրթության 3-րդ մակարդակում որակի մշտադիտարկման համակարգերի հաստատում:
Լատվիայի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ասոցիացիայի նախագահ Սինգե Բալինան լրացրեց տկն Սկենդերեի խոսքը` ընդգծելով արդյունաբերական ասպիրանտուրայի (Industrial PhD) ուսումնական ծրագրերում արդյունաբերության ներգրավման կարևորությունը:
Դոկտորանտուրան Լեհաստանում ներկայացրեցին Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր Լյուսիան Չմիելարսը և դոկտոր Մարեկ Ֆրանկովիչը: Լեհաստանում դոկտորական կրթական ծրագրերը 4 տարի են տևում: Հետազոտությունից բացի, դրանք սովորաբար պարունակում են պարտադիր ուսուցման մի քանի բաղադրիչներ: Դոկտորանտուրայի յուրահատուկ կրթական մասը, որն անհրաժեշտ է ավարտել, նշված է համալսարանի Դոկտորական կրթության կանոնադրության մեջ: Լեհաստանում ասպիրանտները (PhD ուսանողները) մինչև 60 ժամ պաշտոնական դասավանդման իրավունք ունեն: Ուսման վարձ չի գանձվում. փոխարենը, բոլոր ասպիրանտները ստանում են կրթաթոշակ (ամսական 450-700 եվրո):
Ֆրանսիայի փորձը ներկայացրեց Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի իրավագիտության ավագ դասախոս, պրոֆեսոր Գիյոմ Ռուսեթը, ով խոսեց «CIFRE» հետազոտական վերապատրաստման արդյունաբերական պայմանագրերի մասին, որոնց միջոցով սահմանվում է Ֆրանսիայում համալսարան-արդյունաբերություն համագործակցության շրջանակը: Այս պայմանագրերի նպատակն է վերջ դնել հետազոտություններ իրականացնող պետական համալսարանների և մասնավոր ընկերությունների միջև տարանջատմանը: Պայմանագիրը տրամադրում է այն կազմակեպությունը, որտեղ ասպիրանտն աշխատելու և պետական լաբորատորիայի հետ համատեղ հետազոտություն է կատարելու` Բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարության կողմից ստանալով երեք տարվա համար 14,000 եվրո սուբսիդավորում:
«ARMDOCT» և «MODEST» ծրագրի գործընկեր ԵՄ երկրների լավագույն փորձի ներկայացմանը հաջորդեց քննարկում և հարցուպատասխան: Նշված թեմաներով շնորհանդեսները հասանելի են ստորև:
Industrial PhD programmes in Italy