Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում
Ս․թ․ հունիսի 2-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի և Գերմանական տնտեսական միավորման համագործակցության արդյունքում անց կացվեց «Համալսարան-բիզնես համագործակցություն․ նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» խորագիրը կրող Կլաստերսային հանդիպումը։
Կլաստերային հանդիպման մասնակիցներին Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի և Գերմանական տնտեսական միավորման անունից ողջունեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության Ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը։
Առաջին՝ «Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցումը ակադեմիական, արդյունաբերական և քաղաքացիական հասարակության միջև» թեմայով քննարկումը վարում էր Գերմանական տնտեսական միավորման Գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը։ Ներածական խոսքով հանդես եկան ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Վարդան Գևորգյանը և Krisp ընկերության համահիմնադիր, ԱՏՁՄ վարչության անդամ Արտավազդ Մինասյանը:
Խոսնակների կողմից հատուկ շեշտադրում կատարվեց համալսարան-բիզնես համագործակցության խթանմանը` հաշվի առնելով զարգացման ժամանակակից միտումները, հետազոտական ոլորտում առկա հնարավորությունները։ Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին՝ կարևորելով միջբուհական ինկուբատորների և աքսելերատորների ձևավորումը՝ ուշադրություն դարձնելով այդ ճանապարհին առկա խոչնդոտներին և մարտահրավերներին։
Կլաստերային հանդիպման «Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի արդյունքում ձևավորված համալսարան-արդյունաբերություն համագործակցության շրջանակը» խորագրով նիստի ընթացքում ներկայացվեցին ներքոնշյալ ծրագրերի հիմնական ձեռքբերումները, առկա փորձն ու հաջողված օրինակները՝
- Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների տնօրեն, «Նորարարական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնումը ճարտարագիտական կրթության մեջ» (InnoCENS), Ամալյա Մխիթարյան, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների տնօրեն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը սմարթ կենտրոնների միջոցով» (SMART), «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (CONNECT), Անի Հովսեփյան, Կարիերայի կենտրոնի մասնագետ, Բրյուսովի պետական համալսարան
- «Կենսաարտադրանքների տեխնոլոգիայի ոլորտում գերազանցության հայկական ցանց» (ABIONET), Գայանե Մարմարյան, Դոցենտ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան
- «Հայաստանի և Ռուսաստանի բուհերում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համար ճկուն, նորարարական և պրակտիկ համակարգի ստեղծում» (FLEXWBL), Քրիստինա Ծատուրյան, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ
- «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB), Արայիկ Նավոյան, Հայաստանում ֆրնասիական համալսարանի պրոռեկտոր, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խմբի համակարգող:
Հանդիպումը եզրափակվեց «Համալսարան-բիզնես համագործակցություն․ մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմամբ, որը վարում էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Ռուբեն Թոփչյանը։ Պանելային ելույթներով հանդես եկան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Բեռլին Օպտիկ, Արսանա ՓԲԸ, Գերմանական տնտեսական միավորման վարչական խորհրդի անդամ Հասնի Քոսեջյանը, Մոլեկուլային կենսաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Համագործակցության և ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը, Germaninvest Private Equity, Գերմանական տնտեսական միավորման վարչական խորհրդի անդամ Կարեն Նավոյանը և ԹՈՒՄՈ կոնվերգենցիայի կենտրոնի Նախագծերի ավագ ղեկավար Բահարե Ֆաթեմին։
Հանդիպման ավարտին առաջարկություններ հնչեցին կառավարության, համալսարնների, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներին: Մասնակիցների կողմից առաջ քաշված հիմանական մարտահրավերները վերաբերում էին օրենսդրական բացերին, ուսանողների և գործատուների մոտիվացիայի բացակայությանը, մասնագիտացումների տեխնիկական նկարագրերի առկայության անհրաժեշտությանը, կրթական ծրագրերում տեսական և գործնական բաղադրիչների համարժեք բաշխվածությանը, խթանման մեխանիզմների բացակայություն և այլն։