Որոնել

ՏԵՄՊՈՒՍԻ MathGear ծրագրի 2-րդ տարվա արդյունքների ամփոփման և տարածման համաժողով

2016 թ․ մարտի 14-16-ը ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շրջանակներում Երևանում տեղի կունենա «Հարավային Կովկասի համալսարանների ճարտարագիտական և բնական գիտությունների մաթեմատիկայի ուսումնական ծրագրերի արդիականացումը ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման միջոցով» թեմայով համաժողովը, որի ընթացքում կքննարկեն մասնագիտական մաթեմատիկական ուսուցման կազմակերպման և դասընթացների ծրագրերի արդիականացման հարցեր: 

Եռօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի մաթեմատիկական ծրագրերի կիրառական բաղադրիչներով հարստացմանը ճարտարագիտական, բնական և համակարգչային գիտությունների ուսանողների համար, կիրականացվի Հայաստանի, Վրաստանի և եվրոպական համալսարանների տեխնիկական կրթության մաթեմատիկական ծրագրերի համեմատական վերլուծություն, կգնահատվեն Հայաստանի և Վրաստանի համալսարաններում արդիականացված դասընթացները, ինչպես նաև եվրոպական համալսարաններում փոխանակային ծրագրերով սովորած հայ և վրացի ուսանողները կներկայացնեն ուսումնառության իրենց փորձը:
Մասնակիցների համար նաև Math-Bridge-ի օգտագործման վերապատրաստումներ կիրականացվեն: Math-Bridge-ը բարձրագույն մաթեմատիկայի դասավանդման առաջին համաեվրոպական միասնական առցանց հարթակն է, որտեղ հազարավոր դասընթացների ծրագրեր, ուսումնական նյութեր և միջոցներ հասանելի են յոթ լեզուներով` ընտրության լայն հնարավորություն ստեղծելով դասախոսների և ուսանողներիի համար: 

Համաժողովի առաջին օրվա միջոցառումները տեղի կունենան ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում, իսկ 2-րդ և 3-րդ օրերի աշխատանքները` ՈԱԱԿ-ում:

Օրակարգը՝ կից։

MathGeAr–ը Հարավային Կովկասի համալսարաններում STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) մաթեմատիկայի դասավանդման ծրագրերի արդիականացմանը միտված եռամյա ծրագիր է (2013-2016): Ծրագրի նպատակն է բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի կրթական և առարկայական ծրագրերի բովանդակությունը և ուսուցման կիրառվող մեթոդները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ծրագրի պաշտոնական կայք` www.mathgear.eu

Հրապարակված է․Նորություններ