Տեղեկատվական հանդիպում՝ Էրազմուս Մունդուս Նախագծերի վերաբերյալ
Եթե հետաքրքրված եք Էրազմուս+ ծրագրի շրջանակներում համատեղ մագիստրոսական ծրագրերի ստեղծմամբ, ապա ծանոթացեք «Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի շրջանակներում իրականացվող հերթական հանդիպման մանրամասերին ստորև։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հրավիրում է Ձեր բուհի ներկայացուցիչներին մասնակցելու Էրազմուս Մունդուս Գործողությունների վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 29-ին ժ․ 14:30 Երևանի պետական համալսարանում:
Հանդիպման խոսնակն է Երևանի պետական համալսարանի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի համակարգող, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը, ով հանդիսանում է «Developing Joint Master’s Degree Programme in European Studies: Law, Governance and Communication» (DEGES) նախագծի համակարգողը։ Նշենք, որ DEGES նախագիծը «Էրազմուս Մունդուս նախագծեր» գործողության շրջանակներում իրականացվող առաջին և դեռևս միակ նախագիծն է Հայաստանում։
Քրիստինե Գևորգյանը մասնակիցներին կներկայացնի Էրազմուս Մունդուս Նախագծեր ենթագործողությանը դիմելու հիմնական պայմանները, կոնսորցիումի կառուցվածքը, ֆինանսավորման կարգը և այլ մանրամասներ։ Հանդիպման ընթացքում տեղի կունենա ինտերակտիվ քննարկում մասնակիցների և խոսնակի միջև։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։