Հանդիպում հայաստանյան բուհերի միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների հետ
Ս․թ․ նոյեմբերի 8-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպվեց հանդիպում բուհերի միջազգային կապերի բաժինների ներկայացուցիչների հետ։
Էրազմուս+ ծրագիրը նպատակ է հետապնդում ապահովելու հավասար հնարավորություններ և հասանելիություն, ներառականություն, բազմազանություն և անաչառություն բոլոր գործողություններում։ Ներառականությունը բուհերի շրջանում խթանելու նպատակով հանդիպման հիմնական շեշտադրումն արվել էր հենց այդ ուղղությամբ։ Մասնակիցներին հանգամանալից ներկայացվեց Էրազմուս+-ի և Եվրոպական համերաշխության կորպուսի կողմից մշակված Ներառականության և բազմազանության ռազմավարությունը։ Համաձայան Էրազմուս+ ծրագրի Ուղեցույցի՝ Արևելյան գործընկերության երկրներին տրամադրվող շարժունության բյուջեի առնվազն 40% պետք է ծախսվի ներառական շարժունության համար։ Էրազմուս+ ծրագրերը նախագծելիս կազմակերպությունները պետք է պարտադիր հաշվի առնեն նշված պայմանը՝ ծրագիրը հասանելի դարձնելով հասարակության տարբեր շերտերի համար։
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան խոսեց ծրագրի միազգային գործողությունների մասին։ Հաշվի առնելով բուհերի միջազգային կապերի բաժինների կազմում նոր համալրումները՝ կազմակերպվել է հնարավոր գաղափարների փոխանակում 2023 հայտադիմումների մրցույթին ընդառաջ։
Էրազմուս+ բարձրագույն կրթության փորձագետ, Գեղարվեստի պետական ակադեմիայի Ակադեմիական ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Ռուզաննա Մինասյանը ներկայացրեց «Հայաստանում և Բոսնիա և Հերցեգովինայում սոցիալական ուղղվածության ռազմավարության մշակում և իրականացում միջտարածաշրջանային փորձի փոխանակման միջոցով» կարողությունների զարգացման ծրագրի քաղած դասերը, մարտահրավերները և ծրագրի ազդեցությունը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Գարեգին Համբարձումյանը գործընկերների հետ կիսվել է վիճակագրական տվյալների հավաքագրման լավագույն փորձով։ Էրազմուսօրեր2022-ի միջոցառումների շրջանակում բուհի արտաքին կապերի դեպարտամենտի կողմից տպագրվել էր բուհի շարժունության ծրագրերի վիճակագրական տվյալներն ամփոփող բրոշյուրը։
Կրթության փորձագետ Էդիթ Սողոմոնյանը ներկաների հետ կիսվեց 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին բուհերի շրջանում անց կացված «Սոցիալական ներառականությունը հայաստանյան բուհերում» հետազոտության արդյունքներով։
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը պարբերաբար անց է կացնում հանդիպումներ բուհերի միջազգային կապերի բաժինների հետ՝ քննարկելու ընթացիկ մարտահրավերները, ինչպես նաև կիսվելու լավագույն փորձով և քաղած դասերով։ Այս հանդիպման ընթացքում ևս վեր հանվեցին հիմնական մարտահրավերները, համաձայնության եկան խնդիրների մասին բարձրաձայնելու բուհերի որոշումների կայացման մակարդակում, փորձելու գտնել ընդունելի լուծումներ։