Որոնել

Հայաստանում նշվեցին #ԷրազմուսՕրերն ու Էրազմուսի 35-ամյա հոբելյանը

Մարդկության համար այս դժվարին պատերազմական ժամանակներում հարվածի տակ են հայտնվել ոչ միայն մարդկային կյանքերը, այլև այն արժեքներն ու հավատը, որոնք  միշտ կայուն հիմք են տվել և մոտիվացրել շատերիս  սովորելու ու ստեղծագործելու՝ ի բարօրություն հասարակության։ Էրազմուս+ ծրագրի մասնակիցները վկայում են, որ այս ծրագիրն իրենց օգնել է  դառնալ ավելի ինքնուրույն, ուժեղ և տոկուն՝ պատրաստ դիմակայելու կյանքի դժվարություններին: Կասկածից վեր է, որ Էրազմուսն իր բոլոր շահառուների համար կյանք փոխող փորձառություն է եղել: Այն թերևս միջազգային ամենահաջողված փոխանակման ծրագրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս տարբեր տարիքի և մասնագիտության մարդկանց սովորել իրարից՝ լինելով շարժուն և  հետաքրքրասեր հետազոտողներ և մշակութային դեսպաններ:

2022 թվականը հատուկ տարի է Էրազմուս եվրոպական ծրագրի համար, քանի որ այս տարի այն նշում է իր 35-ամյակը։ Իսկ շնորհիվ «+»-ի, էրազմուսը Եվրոպայի սահմաններից դուրս եկել և 2015 թվականից ի վեր իր բարձրագույն կրթության դռները բացել է հայաստանցի մասնակիցների համար: Այդ պատճառով էլ հոկտեմբերի 13, 14, 15-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակն ու  Erasmus+ Youth & Solidarity Corps Տեղեկատվական կենտրոնը Գյումրիում նախաձեռնեցին #Էրազմուսօրեր 2022թ եռօրյա տեղեկատվական արշավը՝ համախմբելով Էրազմուս+ բարձրագույն կրթության և երիտասարդության ծրագրերի շահառուներին։ Երևանից մինչև Գյումրի և այլուր, #Էրազմուսօրերը բացառիկ հնարավորություն ընձեռեցին ծրագրի շահագրգիռ կողմերին, գործընկեր հաստատություններին և նրանց ուսանողներին, ուսուցիչներին, ադմինիստրատորներին, երիտասարդական աշխատողներին և երիտասարդներին կազմակերպել սեփական միջոցառումները կամ հանդիպումները՝ խոսելու Էրազմուս+ փորձի շրջանակներում իրենց ձեռքբերումների և մարտահրավերների մասին կամ պարզապես տարածելու իրենց էրազմուսյան պատմությունները:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ազգային գրադարանում, Erasmus+ Youth & Solidarity Corps Տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ, #Էրազմուսօրերը համախմբեցին Էրազմուս+ 4 ամենահայտնի ծրագրերի  շրջանավարտներին և մասնակիցներին՝

Պանելային քննարկման առաջին նիստը նվիրված էր Էրազմուս+ կարճաժամկետ շարժունության  հայ մասնակիցների պատմությունների ներկայացմանը: ԵՊՀ Էրազմուս+ շարժունակության մասնակիցներ Էդվարդ Գրիգորյանը՝ ԵՊՀ-ից (Մասարիկի համալսարան, Չեխիա) և Էվելինա Առաքելյանը՝ ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնից (Տուշիայի համալսարան, Իտալիա), լինելով նաև Էրազմուս ուսանողական ցանցի հայաստանյան թևի ղեկավար մարմնի անդամներ, պատմեցին եվրոպական համալսարաններում մեկ սեմեստր տևողությամբ իրենց ակադեմիական փոխանակման մանրամասները՝ հայտադիմումից մինչև հակադարձ մշակութային շոկ: Նրանք օգտակար խորհուրդներ տվեցին, թե ինչ է անհրաժեշտ կրթաթոշակ շահող մոտիվացիոն նամակ գրելու համար, ինչպես պատրաստվել օտար լեզվի թեստին, ինչպես գրագետ ներկայանալ Europass ձևաչափի CV-ի միջոցով։ Էրազմուս+ երիտասարդական փոխանակման մասնակիցներ Վրեժ Մաճկալյանը և Մադլեն Մինասյանը կիսվեցին ակտիվ կամավորության և երիտասարդական աշխատանքի իրենց փորձով։ Երիտասարդական ՀԿ-ներին միանալու շնորհիվ նրանք կարողացան օգուտ քաղել երիտասարդների փոխանակման բազմաթիվ կարճաժամկետ այցերից դեպի ԵՄ տարբեր երկրներ։ Վրեժը խոսեց նաև թե ինչպես է զարգացնել իր թիմային առաջնորդության հմտությունները՝ երիտասարդների մեծ խումբ արտասահման տանելով:

Երկրորդ նիստի ընթացքում հյուրընկալեցինք Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի և Եվրոպական համերաշխության կորպուսի երկարաժամկետ շարժունության մասնակիցներին: Սաթենիկ Խաչատրյանը (Էրազմուս Մունդուս մագիստրոս վաղ մանկության կրթության և խնամքի ոլորտում) և Տաիսյա Հովհաննիսյանը (Էրազմուս Մունդուս մագիստրոս մշակութային դիվանագիտության ոլորտում) խոսեցին տարբեր եվրոպական և հայաստանյան բուհերի կողմից առաջարկվող ակադեմիական ծրագրերի տարբերությունների մասին, համատեղ կամ բազմակի աստիճանաշնորհող ծրագրերի բարձր որակի և արժեքի մասին, և թե ինչպես է Էրազմուս Մունդուս կրթաթոշակը երկուսի առջև էլ ճանապարհ է հարթել դեպի ավելի լավ կարիերա և ձեռներեցություն: Այս պանելային քննարկումը թույլ տվեց ներկաներին լսել ոչ միայն հայ շահառուներին այլ նաև գերմանացի կամավոր Նիլս Ֆրիդրիխին, ով մի ամիս է ինչ ժամանել է Հայաստան և Եվրոպական համերաշխության կորպուս (ԵՀԿ) ծրագրի ֆինանսավորմամբ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Գյումրու երիտասարդական տուն» կենտրոնի հետ մեկ տարվա ընթացքում իրականացնելու է տարբեր մշակութային նախագծեր և գերմաներեն է դասավանդելու տեղի դպրոցներից մեկում։ Կամավորության իր փորձով կիսվեց նաև Նարե Ծատուրյանը, ով նախքան «Դիջիթեյն» ՍՊԸ-ում ծառայության ղեկավարի պաշտոնը ստանձնելը ԵՀԿ ծրագրով կամավորություն է արել Լեհաստանում: Ըստ Նարեի, կամավորական փորձն արտերկրում անգնահատելի էր, որը նա ուրախությամբ կիսվեց ներկաների հետ՝ խորհուրդ տալով բոլորին լինել սոցիալապես ակտիվ և չվախենալ իրականացնել իրենց երազանքները կյանքի տարբեր ուղիներում և մշակութային միջավայրերում:

Հոկտեմբերյան #Էրազմուսօրերի քարոզարշավը լայն արձագանք գտավ նաև հայաստանյան մի շարք բուհերի միջազգային կապերի գրասենյակների, ինչպես նաև բուհական և միջազգային ուսանողական մարմինների և միությունների շրջանակում: Արդյունքում հոկտեմբերի 13, 14, 15-ին Երևանում, Գյումրիում և Գավառում կազմակերպվեցին կլոր սեղաններ, տեղեկատվական հանդիպումներ, նկարահանումներ և հարցազրույցներ՝ արձանագրելու Էրազմուս+ ծրագրի հաջողությունները և քննարկելու միջազգային բարձրագույն կրթության գործողությունների իրականացման մարտահրավերները: Ուրախ ենք ստորև կիսվել մեր գործընկերների կողմից պատրաստված որոշ տեղեկատվական նյութերով, միջոցառումների լուսաբանություններով և տեսահոլովակներով՝ նվիրված #Էրազմուսօրերին և Էրազմուսի 35-ամյա տարեդարձին:

Շնորհակալ ենք բոլորին համագործակցության համար։ 

Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (սեղմեք նկարը)
Հայաստանի ազգային ագրարային համալսարան (սեղմեք նկարը)
ՀՀ ԱԳ Միջազգային գիտակրթական կենտրոն (սեղմեք նկարը)
Էրազմուս ուսանողական ցանց Երևան (սեղմեք նկարը)
Հայաստանում եվրոպական համալսարան (սեղմեք նկարը)
Գավառի պետական համալսարան (սեղմեք նկարը)
Շիրակի պետական համալսարան (սեղմեք նկարը)
Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկա և մեխանիկա ֆակուլտետի ուսխորհուրդ (սեղմեք նկարը)
Եվրասիա միջազգային համալսարան (սեղմեք նկարը)
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Վանաձորի մասնաճյուղ (սեղմեք նկարը)
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (սեղմեք նկարը)
Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2022թ