Մեկնարկեց ՀՀ-ում Դոկտորական կրթության բարեփոխումներին նվիրված Էրազմուս+ ARMDOCT ազգային ծրագիրը
Փետրվարի 4-5-ին կայացավ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային ծրագրի մեկնարկային հանդիպումը։
Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանի համակարգմամբ ծրագրի անդամ 15 բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բուհ, 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվեցին՝ քննարկելու Հայաստանում 3-րդ աստիճանի կրթության իրավիճակը և վերամշակելու դոկտորական կրթության կազմակերպումն օժանդակող ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերն ու ինստիտուցիոնալ ընթացակարգերը։
Հանդիպման բացման արարողության ընթացքում բուհերի փորձագետներին և հրավիրյալ մասնակիցներին ողջունեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ով շեշտեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շրջանակներում վերջապես հնարավոր կլինի ապահովել Բոլոնյան գործընթացի ամբողջական իրականացումը՝ ձևավորելով կրթության երրորդ միասնական մակարդակն ապահովող հենք՝ նորմատիվ իրավական ակտերի մշակման, ինչպես նաև բովանդակային բարեփոխումների շնորհիվ։ Նախարարության հավաստմամբ, այն ուղղակիորեն նպաստելու է Հայաստանի վերափոխման նոր ռազմավարությանը, քանի որ առանց արդյունավետ դոկտորական կրթության անհնար է կառուցել ամուր տնտեսություն։
Մեկնարկային առաջին օրվա բացումը ողջույնի խոսքով կատարեցին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, դոկտոր Սուրեն Օհանյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ժան Մարկ Լավեստը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը և Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Նրանք շեշտադրեցին, որ ARMDOCT ծրագրի տեսլականն ամբողջությամբ համընկնում է ՀՀ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնադրույթներին և էականորեն կարող է նպաստել եվրոպական հետազոտական տարածքին ՀՀ բարձրագույն կրթության, գիտության և տնտեսության ինտեգրմանը։ Ծրագրի շրջանակներում ստեղծված գործիքակազմը կստեղծի նախադրյալներ երկրում էականորեն խթանելու նորարարությունները։ Էրազմուս+ գրասենյակը նաև հորդորեց ARMDOCT կոնսորցիումին չանտեսել դոկտորական կրթության բարեփոխումներին ուղղված ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված այլ ծրագրերի (Տեմպուս VERITAS, Էրազմուս+ C3QA) ձեռք բերած արդյունքներն և ծրագրային թիմերի միջև սերտ համագործակցությունը՝ ապահովելու առավել մեծ ազգային ազդեցություն։
Հանդիպման երկրորդ օրվա ընթացքում ՀՀ և ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատությունների, կրթության փորձագետների, ասպիրանտների, հետազոտողների, գործատուների մասնակցությամբ իրականացվեցին բաց քննարկումներ, որոնց ընթացքում վեր հանվեցին ընդունելության, ղեկավարման, ուսումնառության և դոկտորական կրթության որակի ապահովման մի շարք հիմնախնդիրներ։ Քննարկման մասնակիցները կարևորեցին անվճար դոկտորական կրթության հնարավորությունը, որն առկա է, սակայն միևնույն ժամանակ տեսնում էին կոռուպցիոն լուրջ պահպանված ռիսկեր։ Խմբային քննարկումների ժամանակ մի շարք խնդիրներ մատնանշվեցին, այդ թվում միջդիսցիպլինար հետազոտությունների իրականացման համար սահմանափակ հնարավորությունները, արդյունաբերության հետ կապի հստակ մեխանիզմների բացակայությունը, որակի ապահովման խնդիրներ ինչպես ընդունելության, այնպես էլ հետազոտության և պաշտպանության ընթացքում, գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդների կազմի վերափոխման և պարբերական թարմացման անհրաժեշտություն և այլն։
Քննարկումները վարեցին ARMDOCT ծրագրի եվրոպացի համագործակիցները Պորտուգալիայից, Իտալիայից, Լիտվայից և Ֆրանսիայից, ովքեր ՀՀ համագործակիցների հետ միասին առաջիկայում կներկայացնեն եվրոպական լավագույն փորձը և դոկտորական կրթության որակի բարելավման հնարավոր լուծումները։
ARMDOCT ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով՝ www.eiu.am/armdoct https://www.facebook.com/armdoct