Էրազմուս+ կրթաթոշակային հնարավորությունները ներկայացվեցին Թիմ Թայմ հակասրճարանում
ՀՀ-ում Առաջին Բիզնես Դպրոցի նախաձեռնությամբ Թիմ Թայմ հակասրճարանը ս.թ. փետրվարի 24-ին հյուրընկալեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակիցներին: Թիմ Թայմի հաճելի ու դրական մթնոլորտում Էրազմուս+ կրթաթոշակներով հետքրքրված անձանց հնարավորություն ընձեռվեց ստանալու պատասխաններ հետևյալ հարցեին՝
- Ցանկանում եմ սովորել Եվրոպայում, սակայն դրամական միջոցներ չունեմ: Ինչպե՞ս կարող է Էրազմուս+ ծրագիրն ինձ աջակցել:
- Ի՞նչպես դիմել Էրազմուս+ կրթաթոշակային ծրագրերին:
- Կարո՞ղ եմ մասնակցել Էրազմուս+ փոխանակման ծրագրերին, եթե իմ համալսարանը արտասահմանյան համալսարանի հետ համաձայնագիր չունի:
- Որպես ուսանող քանի՞ անգամ կարող եմ մասնակցել Էրազմուս+ փոխանակման ծրագրերին:
- Կարո՞ղ եմ ծրագրի ֆինանսավորմամբ մագիստրոսական կրթություն ստանալ արտերկրում:
- Որտե՞ղ փնտրեմ Էրազմուս Մունդուս համատեզ մագիստրոսական ծարգերի շտեմարանը:
- Ի՞նչ պահանջներ կան օտար լեզվի իմացության հետ կապված:
- Ո՞րքան կրթաթոշակ կարող եմ ստանալ:
- Ո՞րոնք են Էրազմուս+ ծրագրի առավելությունները և այլն:
Հանդիպումն անցկացրեցին Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատուներ Անի Թորոսյանը և Էդիթ Սողոմոնյանը: Մասնակիցները ոչ միայն վերոնշյալ բազմաբնույթ հարցերի պատասխաններ ստացան, այլև ծանոթացան Էրազմուս+ ծրագրի մասին տեղեկատվություն փնտրելու լավագույն գործիքներին՝ գրասենյակի պաշտոնական վեբկայքին (erasmusplus.am), ֆեյբուքյան (facebook.com/neoarm) և թվիթերյան (twitter.com/ErasmusArmenia) պաշտոնական էջերին: Պարբերաբար թարմացվող վեբկայքը և սոցիալական ցանցերը տեղեկատվության տարածման ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցներից են, որոնք ակտիվորեն կիրառվում են գրասենյակի գործունեությունը ներկայացնելու և ծրագրի շահառուներին հետաքրքրող տեղեկություններ տարածելու նպատակով:
Հանդիպման վերջում կազմակերպվեց Էրազմուս+ ժամանցային առցանց վիկտորինան, որի ընթացքում միջոցառման մասնակիցները կարողացան ստուգել իրենց գիտելիքները և՛ ծրագրի, և՛ եվրոպական հետաքրքիր մշակութային ասպեկտների մասին: Հարցերի մեծամասնությանը ճիշտ պատասխանած երկու մասնակցի տրվեց գրասենյակի կողմից պատրաստված մրցանակ: