Որոնել

Տեղի ունեցան Էրազմուս+ 2022թ Տեղեկատվական օրերը Հայաստանում

2023 թվականի Էրազմուս+ Առաջարկների մրցույթին ընդառաջ՝ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը նախաձեռնել էր Էրազմուս+ Տեղեկատվական օրեր Երևանում և մարզերում։ Մարզերում և Երևանում հանդիպումների ընթացքում բուհերի, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Առաջարկների մրցույթի նորությունները, առաջնահերթությունները, ծրագրերին դիմելու վերջնաժամկետները։ Բարձրագույն կրթության փորձագիտական խմբի փորձագետ Արևիկ Օհանյանը անց է կացրել «Դրամաշնորհներ բուհերի և ՄԿՈՒ հաստատությունների համար․ ինչ պետք է իմանալ» թեմայով վերապատրաստում։ «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» հիմնադրամի հիմնադիր նախագահ Մարինա Ժամկոչյանը ներկայացրել է Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերին դիմելու իրենց փորձը, պատասխանել մասնակիցների հարցերին և գործնական խորհուրդներ տվել կոնսորցիումի կազմման, գործընկերների ձեռքբերման և այլ հարցերի շուրջ։

Բուհերի ուսանողների համար Միջազգային կրեդիտային շարժունության հնարավորությունների մասին տեղեկատվական հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատու Վարդ Ղուկասյանը։ Կրթության փորձագետ Էդիթ Սողոմոնյանը հանդես է եկել Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ ներկայացմամբ, կիսվել իր փորձով։

Տեղեկատվկան օրերի մեկնարկը տրվեց Շիրակի մարզից։ Առաջին հանդիպումը, որ միտված էր բուհերի աշխատակիցներին և ուսանողներին, տեղի ունեցավ ս․թ․ նոյեմբերի 24-ին՝ Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ։ Հանդիպմանը հրավիրված էին Գյումրիում գործող բուհերի և մասնաճյուղերի շահառուները։ Հանդիպմանը, մինչ հիմնական օրակարգային ներկայացումներին անցնելը, բացման խոսքով հանդես եկան Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 25-ին, միջին և նախնական արհեսագործական ուսումնական հաստատությունների համար նախատեսված հանդիպումը իրականացվել է Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։ Հանդիպմանը մասնակցել և մասնակիցներին ողջունել են Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։

Նոյեմբերի 28-ին Լոռու մարզի միջին և նախնական արհեսագործական ուսումնական հաստատությունների համար Տեղեկատվական օրը Համայստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը իրականցրեց Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ։ Մասնակիցներին ողջունեց, ծրագրի կարևորության մասին ելույթով հանդես եկավ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը։

Վանաձորի պետական համալսարանի հետ համագործակցությամբ բուհերի դասախոսական կազմի և ուսանողների համար հանդիպմանը բացման խոսքվ ելույթ ունեցան Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։
Տեղեկատվական հաջորդ հանդիպումների շարքը տեղի ունեցավ Երևանում՝ դեկտեմբերի 2-ին մեկնարկելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Հանդիպման թիրախը ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներն էին։ Հանդիպմանը մասնակիցներին ողջունեց և հաջող աշխատանքային ընթացք մաղթեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։
Տեղեկատվական օրերը եզրափակվեցին դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Համալսարանի միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, ողջունելով ներկաներին, հսջողություն մաղթեց առաջիկա մրցույթին ներկայացվող բոլոր ձեռնարկումներում։ Բարձրագույն կրթության փորձագիտական խմբի փորձագետ Քրիստինե Գևորգյանը մասնակիցներին ներկայացրեց նոր մեկնարկած և թերևս Հայաստանում առաջին
անգամ  Էրազմուս Մունդուս Նախագծեր գործողության շրջանակում մրցույթում հաջողած իր նախագծի հաջողված փորձը։ Ամփոփելով, Արևիկ Օհանյանը բուհական համայնքի հետ քննարկեց հաջողակ դրամաշնորհային առաջարկների հիմնասյունը՝  նախագծերի տրամաբանական կառուցվածքը։


Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը շարունակելու է տեղեկատվական հանդիպումները առցանց և անցանց ձևաչափով և ուսանողների, և բուհերի ու ՄԿՈՒ հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Դեմկեմբեր ամսվա ընթացքում մեր առցանց խորհրդատվական հանդիպումների մասին տեղեկանալու ու գրանցվելու համար հետևեք գրասենյակի Ֆեյսբուքյան էջի թարմացումներին։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանում Էրազմուս+ Տեղեկատվական օրերի օրակարգերը, լուսանկարներն ու բոլոր խոսնակների կողմից ներկայացված սահիկաշարերը։ 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2022թ