Որոնել

ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկումը

Ս․թ․ նոյեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկումը։ Քննարկմանը ներկա էին հայաստանյան բուհերի և ՄԿՈՒ հաստատությունների մոտ 120 ներկայացուցիչներ՝ դասախոսներ, պրոռեկտորներ, դեկաններ, տնօրեններ և ուսանողներ։  

Հանդիպման բացմանը ներկաներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը: 

Ցանկացած հասարակության զարգացման հիմքում կրթության աճն ու առաջխաղացումն է։ Նախորդ երկու տարիներին համաճարակի ընթացքում ակնհայտ դարձավ դասավանդման և ուսումնառության նոր մեթոդների կիրառման անհրաժեշտությունը։ Արդեն հասանելի են բազմաթիվ հետազոտություններ, որոնք գալիս են հիմնավորելու դասավանդման և ուսումնառության գործընթացում ստեղծագործական և նորարարական մեթոդների անհրաժեշտությունը։

Էրազմուս+ բուհերի կարողությունների զարգացման մի շարք ծրագեր կամ ամբողջովին, կամ մասնակի անդրադարձել են նշված խնդիրներին։ Այսպիսով՝ պրակտիկ դասավանդումը, դասավանդման գործընթացում տեխնոլոգիաների ինտեգրացիան, հմտությունների ձևավորման նպատակով կարճաժամկետ դասընթացների ներդրումը, կրթական տեխոնոլոգիաներում նորարարությունների ներդրումը ուսումնական ծրագրերում, դասավանդման մեթոդների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը կրթական ծրագրերում այն հիմնական ուղղություններն են, որոնք ուսումնասիրվել են նշված ծրագրերում։

Էրազմուս+ կարողությունների զարգացման PRINTeL, ABIONET, TOPAS, MENVIPRO և REFINE ծրագրերի ներկայացուցիչները պանելային քննարկման ժամանակ հանդես եկան ծրագրերի ազդեցության մասին ելույթներով, անդրադարձ կատարեցին ծրագրերի ընթացքում հանդիպած հիմնական խոչընդոտներին։ Այս ծրագրերի շրջանակում ուսումնասիրվել են դասավանդման մեթոդների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, ուսումնական ծրագրերում նորարարությունների, կարճաժամկետ դասընթացների ներդրումը և կարևորագույն այլ հարցեր, որոնք տեսանելի են դարձնում կրթական ծրագրերի արդիականությունն ու միջազգայնացման միտումները:

Առաջին պանելային քննարկումը հիմնականում նվիրված էր Էրազմուս+ բուհերի կարողությունների զարգացման ծրագրերին, իսկ երկրորդը՝ դասավանդման և որակի գնահատման գործընթացում ներգրավված շահակիցների կողմից փորձի ներկայացմանը։ Քննարկումն ընթացավ դասախոսի կողմից լսարանում իրակացվող աշխատանքի, կիրառվող դասավանդման և գնահատման նորարակական մեթոդների և դրանց ներդրման որակի վերաբերյալ։ Հնչեցին հարցեր և լսարանի կողմից մեկնաբանություններ՝ միտված բարձրագույն կրթության համակարգաին բարեփոխումներին, դրանց իրականացման հաջողությունների և ձախողումների մասին։  Պանելային քննարկումները մոդերացվեցին Էրազմուս+  Բարձրագույն Կրթության Բարեփոխումների Փորձագետներ Արևիկ  Օհանյանի և Քրիստինե Գևորգյանի կողմից։

Հանդիպումը միտված էր ծրագրերի շրջանակում առաջարկվող լավագույն փորձի ներկայացմանը, իրականացման ընթաքում հանդիպած խնդիրների քննարկմանը, ինչպես նաև ծրագրերի ազդեցությանը ինստիտուցիոնալ մակարդակում։

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2022թ