Որոնել

Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր Երևանում

Սիրով տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ Տեղեկատվական օրերն այս տարի կանցկացվեն ս.թ. նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:
Ինչպես գիտեք, 2017-ը Էրազմուս-ի պատմության մեջ առանձնահատուկ տարի է: Ծրագիրը նշում է իր 30-ամյակը, որն ամփոսփում է Եվրամիությունում ուսանողների փոխանակման 30 տարվա հաջող փորձը: 2015 թ.-ից ի վեր Էրազմուս+ փոխանակման ծրագրի շնորհիվ եռապատկվել է Եվրամիությունում ուսանած կամ դասավանդած հայաստանցի ուսանողների և բուհերի աշխատակիցների աշխատակիցների թիվը: Այս առումով Երևանում Էրազմուս+ տեղեկատվական օրերը հիանալի հարթակ են՝ ներկայացնելու Հայաստանում և ողջ աշխարհում Ծրագրի ունեցած նվաճումները։
Տեղեկատվական օրերերի ընթացքում կհրապարակվեն ծրագրի նորությունները, որոնք արտացոլված կլինեն 2018 թ. Էրազմուս+ առաջարկների ներկայացման գալիք մրցույթում։ Երկօրյա միջոցառման ընթացքում ներկայացվելու են Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր և  Ժան Մոնե գործողություններ) մանրամասները:
Այս տարի Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը հրավիրել է Ուկրաինայից և Ավստրիայից խոսնակների, ովքեր կկիսեն իրենց ազգային փորձը Էրազմուս+ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Նոյեմբերի 9-ին Ուկրաինայի Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմի անդամ Իրինա Սիկորսկայան կներկայացնի Դոնեցկի պետական կառավարման համալսարանում Ժան Մոնե մոդուլների և ամբիոնի կիրառվող պրակտիկան: Հաջորդ օրը, Ավստրիայի Էրազմուս+ ազգային գործակալության բարձրագույն կրթության բաժնի ղեկավար Գերհարդ Վոլցը կներկայացնի այն կառավարման մեխանիզմներն ու ընտրության չափանիշները, որոնք կիրառվում են Միջազգային կրեդիտային շարժունության դրամաշնորհային առաջարկների գնահատման գործընթացում: Եվ, ի վերջո, նույն օրը Էրազմուս Մունդուս շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ Օլեքսանդր Իվանովը մասնակիցներին գործնական խորհուրդներ կտրամադրի, թե ինչպես է պետք Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի համար հաջողակ դիմում հայտերի փաթեթ պատրաստել:
Աշխատանքային լեզուններն են հայերենն ու անգլերենը:
Գրանցումը պարտադիր է:  Խնդրում ենք գրանցվել մինչև 2017 թ. նոյեմբերի 6-ը՝ ամենաուշը ժամը 18:00-ը: Դուք կարող եք գրանցվել Ձեզ հետաքրքրող մեկ կամ մի քանի միջոցառումներին:

Հրապարակված է․Նորություններ