Որոնել

Ամփոփվեց Էրազմուս+ կարողությունների զարգացման նորընտիր 7 ծրագրերի երկօրյա առցանց մեկնարկային հանդիպումը

2021թ. մարտի 17-18-ը տեղի ունեցավ Էրազմուս+ կարողությունների զարգացման 7 նորընտիր ծրագրերի մեկնարկային առցանց հանդիպումը: Այն հյուրընկալեց ավելի քան 120 մասնակիցների 20 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելգիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից և Միացյալ Նահանգներից:

Երկօրյա հանդիպումը նվիրված էր Էրազմուս+ կարողությունների զարգացման այն 7 ծրագրերին, որոնք ընտրվել էին Առաջարկների ներկայացման 2020թ. մրցույթի արդյունքում: Այն հնարավորություն ընձեռեց նոր և փորձառու ծրագրային թիմերին կիսվելու կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման փորձով:

Մարտի 17-ին վեբինարը սկսվեց ողջույնի խոսքով և աջակցության ուղերձներով, որոնք փոխանցեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար պրն Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար տկն Անդրեա Վիկտորինը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրն Բերտրան Վենարը։ Պրն․ Թռչունյանը առաջնահերթ համարեց կարողությունների զարգացման ծրագրերի ազդեցությունը ոչ միայն անհատական և ինստիտուցիոնալ, այլև ազգային մակարդակի վրա: Փոխնախարարը կարևորեց նաև նախարարության դերը և հաստատեց հանձնառությունը ծրագրի շոշափելի արդյունքներին հասնելու, ինչպես նաև լավագույն փորձի տարածման գործում բուհերի առաջընթացի վերահսկման ուղղությամբ: Անդրեա Վիկտորինը ևս մեկ անգամ շեշտեց ԵՄ պատրաստակամությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելու հարցում և հավելեց, որ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացումը և ս․թ․ մարտի 1-ից դրա ուժի մեջ մտնելը ուժեղացնում է համագործակցության շրջանակը ոչ միայն քաղաքական հարթությունում, այլև որոշակի սոցիալական ոլորտներում, որոնցում կրթությունը գերակա ուղղությունների թվում է: Պրոֆեսոր Բերտրան Վենարը կարևորեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող տպավորիչ աջակցությունը, ինչպես նաև ընդգծեց Հայաստանի մտավոր կարողությունները, ներառյալ Ֆրանսիական համալսարանինը, որը ներգրավված է ֆինանսավորվող ծրագրերի 10%-ում և համակարգում է վերջերս ընտրվածներից մեկը:

Հաջորդիվ, Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող տկն Լանա Կառլովան խոսեց Կարողությունների զարգացման ծագրերում Հայաստանի մասնակցության մասին՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանային վիճակագրության համաձայն: Վեբինարը հյուրընկալեց նաև Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալության ներկայացուցիչներ տկն Բելեն Էնսիսոյին և պրն. Ստեֆան Վինյանին, ովքեր պատասխանատու են Հայաստանում իրականացվող Կարողությունների զարգացման ծրագրերի համար: Ծրագրի պատասխանատու Բելեն Էնսիսոն ներկայացրեց կայունության և ազդեցության ճանապարհային քարտեզը`որպես ծրագրերի հաջողության հիմնաքար:

Այնուհետև, Կարողությունների զարգացման 4 նորընտիր SAH, SMARTI, SAFEMED+ և WBL4Job ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչները խոսեցին ծրագրերով նախատեսված գործողությունների, ներգրավված թիմերի, ակնկալվող արդյունքների և ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակներում ծրագրի ազդեցությունն ապահովելուն ուղղված միջոցառումների մասին:

Եվ վերջապես, առաջին օրը եզրափակվեց Էրազմուս+ ազգային գրասենյակի պատասխանատուներ տկն Էդիթ Սողոմոնյանի և տկն․ Անի Թորոսյանի համատեղ ներկայացմամբ, ովքեր անդրադարձ կատարեցին դրամաշնորհային պայմանագրերի գործառնական կառավարմանը և կիրառվող ֆինանսական կանոններին:

Մարտի 18-ին քննարկման մասնակիցները ներկայացրին Հայաստանում Կարողությունների զարգացման դրամաշնորհների իրականացման, գործառնական և ֆինանսական կառավարման, դրանց որակի ապահովման և ազգային օրենսդրական դաշտի ընթացիկ ճշգրտումների հետ կապված հնարավոր սպառնալիքներն ու մարտահրավերները: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն պրն. Ռուբեն Թոփչյանը մատնանշեց, թե ինչպես կարելի է ապահովել ծրագրերի արդյունքների որակը` կենտրոնանալով Կատարողականի հիմնական ցուցիչների վրա և հաշվի առնելով վերջիններիս դերը կազմակերպական մշակույթի վերափոխման գործում: Տկն Կառլովան խոսեց գրասենյակի կողմից իրականացվող մշտադիտարկման գործղությունների մասին, որոնք օգնում են ծրագրերին չշեղվել ուղղուց և ապահովել սպասվող արդյունքների ձեռքբերումը:

TACEESM, CONNECT և GEOTAK նորընտիր կարողությունների զարգացման ծրագրերի տեղական համակարգողները հակիրճ ներկայացրին ծրագրերի նպատակն ու խնդիրները, խոսեցին դրանց թեմատիկ առանձնահատկությունների ու ազդեցության մասին:

Վերջապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական պրն Սամվել Կարաբեկյանը ներկայացրեց առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում ընդունվելիք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի նորամուծություններն ու փոփոխությունները:

Երկօրյա միջոցառման շնորհանդեսներն ու տեսաձայնագրությունների հղումը հասանելի են ստորև:

 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ