Որոնել

+
Էրազմուս+ Տեղեկատվական Օրերը Հայաստանում (30, 31.10 և 6, 7.11.2018թ)

Ս․թ. հոկտեմբերի 30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, հոկտեմբերի 31-ին Շիրակի պետական համալսարանում, իսկ նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային ագրարային  համալսարանում տեղի ունեցան հերթական Էրազմուս+ Տեղեկատվական օրերը Հայաստանում:

Տեղեկատվական օրերի ընթացքում հրապարակվեցին Էրազմուս+ Ծրագրի նորություններն ի դեմս 2019թ. Էրազմուս+ Առաջարկների ներկայացման մրցույթում։ Քառօրյա միջոցառումների ընթացքում դիտարկվեցին Էրազմուս+ բարձրագույն կրթության և երիտասարդության համար նախատեսված միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր, ինչպես նաև երիտասարդական շարժունություն, երիտասարդության կարողությունների զարգացում) մանրամասները։ 

Մարզային Տեղեկատվական օրերի ընթացքում տեղի ունեցավ փորձի փոխանակում Երևանի և Շիրակի ու Լոռու մարզերի բուհերի ակադեմիական և վարչական ներկայացուցիչների միջև Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության գործողությունների վերաբերյալ։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Եվրասիա միջազգային համասարանի և Որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչների շնորհիվ Վանաձորի և Գյումրու բուհերի դասախոսներն ու վարչական կազմը հնարավորություն ստացավ առավել խորությամբ ընկալել հայաստանյան բուհերում Էրազմուս+ տարբեր գործողությունների իրագործման յուրահատկությունները։  

Ի հավելումն՝ Գյումրու և Երևանի միջոցառումներին Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ը ծանոթացրեց մասնակիցներին «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի կողմից հայ երիտասարդներին, պետական և հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ընձեռվող կրթական, վերապատրաստման, փորձի փոխանակման և պրակտիկայի հնարավորություններին։   

Այս տարի Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը հրավիրել էր միջազգային խոսնակների Բելառուսից և Լեհաստանից, ովքեր երևանյան միջոցառման շրջանակներում կիսեցին իրենց ազգային փորձը Էրազմուս+ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Բելառուսի պետական համալսարանի միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ռիտովը ներկայացնի Էրազմուս+ ակադեմիական շարժունության արդյունավետ կառավարման, Կարողությունների զարգացման ծրագրերի հայտերի մշակման իր բուհական փորձը: Լեհաստանի Էրազմուս+ ազգային գործակալության Բարձրագույն կրթության շարժունության բաժնի համակարգող Դոռոտա Ռիտվինսկան խոսեց այն կառավարման մեխանիզմներն ու ընտրության չափանիշների մասին, որոնք կիրառվում են Լեհաստանում Միջազգային կրեդիտային շարժունության դրամաշնորհային առաջարկների գնահատման գործընթացում: Տիկին Ռիտվինսկան ներկայացրեց նաև Լեհաստանի բարձրագույն կրթության համակարգի յուրահատկություններն ու խրախուսեց հայաստանյան բուհերին նոր համագործակցության եզրեր փնտրել լեհական համալսարանների հետ։ 

Առաջին անգամ Էրազմուս+ տեղեկատվական օրերի շրջանակներում Երևանում կազմակերպվեց պանել քննարկում ԿԳՆ ներկայացուցիչների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Գավառի պետական համալսարանի և Գորիսի պետական համալսարանի ռեկտորների հետ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանում Էրազմուս+ Տեղեկատվական օրերի շրջանակներում  բոլոր խոսնակների կողմից ներկայացված պրեզենտացիաները։ 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2018թ