Գործադիր գործակալության ծրագրի պատասխանատու Բելեն Էնսիսոյի այցը Հայաստան
Ս.թ. նոյեմբերի 13-16-ը Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալության ներկայացուցիչ Բելեն Էնսիսոն այցելեց Հայաստան: Նա պատասխանատու է հայաստանում իրականացվելիք Էրազմուս+ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի համար:
Տկն. Էնսիսոն ունեցավ հանդիպումների ինտենսիվ ժամանակացույց ազգային կրթական մարմինների, ինչպես նաև ընթացիկ, ավարտված և նոր ընտրված ծրագրերի ներկայացուցիչների հետ: Նա այս հնարավորությունն օգտագործեց առաջին հերթին ընթացիկ զարգացումներին ծանոթանալու և շահագրգիռ կողմերին ուղերձներ փոխանցելու համար:
Այցի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակում: Նա քննարկումներ ունեցավ ՀՀ Կրթության և Գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանի, Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյի և ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանի հետ: Սա լավ հնարավորություն էր գնահատելու Հայաստանում բարձրագույն կրթության զարգացումները և բարեփոխումների ջանքերի ներգրավումը վերջին քաղաքական բախումներից հետո, ինչը հանգեցրեց կառավարության փոփոխությանը:
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ հանդիպում Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմի հետ: Զրույցն անդրադարձավ ԲԿԲՓ-ի գործողությունների ներկայիս վիճակին և այն հարցերի լուծմանը, որոնք կարող են բարձրացնել թիմի աշխատանքի արդյունավետությունը, նպաստել բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը` հաշվի առնելով երկրում նոր քաղաքական միջավայրը:
Գործադիր գործակալության մշտադիտարկումների համապարփակ քաղաքականության շրջանակներում իրականացվեց երկու խորհրդատվական և մեկ ազդեցությանը միտված մշտադիտարկում: Նոյեմբերի 14-15-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում և Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեցին Էրազմուս+ կարողությունների զարգացման «BOOST» և «INCLUSION» ծրագրերի խորհրդատվական մշտադիտարկման այցեր: Այցերի նպատակն էր ավելի լավ պատկերացում կազմել ֆինանսավորվող ծրագրերի, դրանց նպատակների և արդյունքների մասին, ինչպես նաև ավելի լավ ծանոթանալ ներգրավված հաստատությունների և շահագրգիռ կողմերի հետ:
Տեմպուսի «ARARAT» ծրագրի ազդեցությանը միտված մշտադիտարկումն անցկացվեց նոյեմբերի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Հատուկ ուշադրություն դարձվեց ծրագրի կայունությանը, արդյունքների տարածմանը և շահագործմանը, ծրագրի ազդեցությանը անհատական, ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում:
Նոյեմբերի 15-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում նոր ընտրված կարողությունների զարգացման ծրագրերի (All4R&D, DPPHSS, MENVIPR, MODEST, MINERVA) համակարգողների և մասնակիցների հետ՝ ոչ միայն տեղեկացնելու հիմնական կանոնների և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին, այլև տրամադրելու նախնական խորհրդատվություն և ուղղորդում:
Չորսօրյա այցի շրջանակներում Բելեն Էնսիսոն նույնպես մասնակցեց ընթացիկ կարողությունների զարգացման (LNSS, HARMONY, BOOST, INCLUSION, C3QA, e-DRONE) և ավարտված Տեմպուս ծրագրերի (PEOPLE, PICASA, ALIGN, GOVERN, VERITAS, ESPAQ, TNE-QA) Կլաստերային հանդիպմանը՝ ուղղված ինստիտուցիոնալ կառավարման բարեփոխումներին և հիմնախնդիրներին: Միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և նպատակն էր ներկայացնել ներդրված կառուցվածքների և կանոնակարգերի փաստացի կիրառումը, նպաստել գիտելիքի փոխանակմանն ու ծրագրերի միջև փոխգործակցության խթանմանը, բացահայտել լավագույն փորձը և հաղթահարել ծառացած խոչընդոտները, խուսափել կրկնություններից, բարձրացնել շահագրգիռ կողմերի իրազեկվածության և Էրազմուս+ ծրագրի ընդհանուր տեսանելիության ու ազդեցության մակարդակը: