Որոնել

+
Էրազմուս+ ծրագրի հայաստանյան 342 մասնակիցների և շրջանավարտների բաց նամակը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Հոկտեմբերի 13-ին Էրազմուս+ ծրագրի հայաստանյան 342 մասնակիցների և շրջանավարտների ստորագրությամբ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի (2019-2021թթ) ուսանողներ Տաթև Դերզյանի և Արման Ազիզյանի նախաձեռնությամբ և Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանավարտ (2010-2012թթ․) Էդիթ Սողոմոնյանի խմբագրությամբ բաց նամակ է ուղարկվել Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, նորին գերազանցություն Անդրեա Վիկտորինին։

Երիտասարդները դիմել են դեսպան Վիկտորինին՝ որպես Եվրոպայի տարբեր անկյուններում թե՛ ֆորմալ և թե՛ ոչ ֆորմալ կրթություն ստացած և կարևոր միջմշակութային փորձ ձեռք բերած համայնք, որին Էրազմուս+-ը մեկընդմիշտ փոխել է:

Մենք օգտվել ենք տեղաշարժման ազատության հնարավորությունից, մի բան, որի պակասը մեր տարածաշրջանում զգացվել է հակամարտությունների և ռազմական գործողությունների պատճառով՝ դեռևս Խորհրդային Միության փլուզումից ի վեր:

Մենք մտերմացել ենք տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ՝ մեր սրտերում ամրապնդելով եվրոպականն ու եվրոպացուն։ Մենք սովորել ենք փայփայել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, և մեզանից յուրաքանչյուրը փոփոխություններ է նախաձեռնել մեր իսկ հայրենիքում։

Էրազմուսցիները հիշատակել են նաև  ԵՄ հարևանության հովանու ներքո Արևելյան գործընկերության ծրագրի գործընկերության շրջանակը՝ հիմնվելով «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի վրա, որն էլ նշվել է որպես այս հորդորի հիմնաքարերից մեկը: Համաձայն «Freedom House»-ի՝ Հայաստանը բարելավել է իր ազատության վարկանիշը՝ այն 45-ից (2017 թ.) հասցնելով 53-ի (2020 թ.): Արցախը/ԼՂ-ը, որ դասակարգվում է որպես մասամբ ազատ երկիր, նույնպես բարելավել է իր վարկանիշը՝ 30-ից (2018 թ.) հասցնելով 34-ի (2020 թ.): Մինչդեռ Ադրբեջանը, որ դասվում է ոչ ազատ երկրների շարքին, տարածաշրջանում ունի ամենացածր և շարունակաբար նվազող վարկանիշը՝ ընդամենը 10 միավոր:

Էրազմուս+ ծրագրի ներքոստորագրյալ մասնակիցների անունից կոչ  է արվել  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպանին իրենց ուղերձը հասցնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ դատապարտելու ագրեսորի փորձերը՝ ուղղված Արցախի/ԼՂ հայ բնակչության ոչնչացմանը և համապատասխան միջոցներ կիրառելու Ադրբեջանի և նրա հանցակից Թուրքիայի կողմից նախապես ծրագրված ռազմական գործողությունների դեմ։ 

Երկլեզու նամակն ամբողջությամբ և ստորագրություններով հանդերձ կարող եք կարդալ ստորև։ 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին դեսպան Վիկտորինը պատասխան նամակ է ուղարկել  Էրազմուս+ մասնակիցներին և շրջանավարտներին, որին կարող եք ծանոթանալ ԵՄ Պատվիրակության ֆեյսբուքյան էջին կատարված հետևյալ հրապարակման միջոցով։ 

Հրապարակված է․Նորություններ