Որոնել

2021թ․ Առաջարկների ներկայացման մրցույթը և Էրազմուս+ 2021-2027թթ․ շրջափուլի միջազգային հատվածի նորությունները

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը ուրախ է ներկայացնել Էրազմուս+ 2021թ․-ի Առաջարկների ներկայացման մրցույթի վերաբերյալ ընդհանուր թարմացումները: Այստեղ դուք կգտնեք նաև տեղեկատվություն Էրազմուս+ 2021-2027թթ․ նոր շրջափուլի ռազմավարական գերակայությունների ու նորույթների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը նպատակ ունի ուղղորդել Էրազմուս+ ծրագրի  շահագրգիռ կողմերին և շահառուներին` հասկանալու ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հաջորդ ծրագրի ուղղվածությունն ու նպատակները: 

Կարևոր նորություն 2021թ․-ի Առաջարկների ներկայացման մրցույթի վերաբերյալ

2021 թ.-ի Էրազմուս+ Առաջարկների ներկայացման մրցույթը հայտարարվելու է միայն Ժան Մոնե  և ՀԳ1 Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր (միայն հաստատությունների համար) գործողությունների համար, ուստի Միջազգային կրեդիտային շարժունություն և Կարողությունների զարգացում  բարձրագույն կրթության  ոլորտում  գործողությունների շրջանակներում հայտադիմումներ չեն ընդունվելու։ 2021թ․ մրցույթի մեկնարկի ամսաթվի և վերջնաժամկետների մասին կարող եք տեղեկանալ՝  հետևելով մեր կայքի նորություններին։  

Էրազմուս+ ծրագրի 2021-2027թթ գերակայությունները  

Ծրագրի 2021-2027թթ. շրջափուլի հիմնական գերակայությունները կենտրոնացած են կանաչ գործարքների, թվային վերափոխման, կայուն աճի և աշխատատեղերի, ինչպես նաև կրթության քաղաքականության շրջանակներում արտաքին համագործակցության վրա: Ներառականությունը նույնպես Էրազմուս+-ի սրտում է լինելու, ուստի, ակնկալվում է, որ այս յոթնամյա ծրագրի շրջանակներում հատուկ կարիքներ ունեցող մասնակիցների թիվը պետք է ավելանա: 

 

Միջազգային կրեդիտային շարժունության ապագան 

Ինչ վերաբերում է շարժունության ծրագրերին (ՀԳ 107), Եվրահանձնաժողովը նախատեսում է Էրազմուս+ 2021-2027թթ ծրագրում  պարզեցնել վերջինիս հայտերի ընդունման գործընթացն ու բյուջեի կառավարումն ավելի ճկուն դարձնել: Չնայած դրամաշնորհների սահմանաչափերը կմնան նույնը,  կներդրվի  ֆինանսավորման նոր միավոր, որի նպատակն է ծածկել մուտքի արտոնագրերի (վիզաների) և ապահովագրության հավելյալ ծախսերը: Շահառուները կարող են նաև Կազմակերպչական աջակցության (OS) նպատակով դրամական միջոցների ավելացում ակնկալել: Հատուկ կարիքներ ունեցող և սահմանափակ հնարավորություններով մասնակիցների մասնակցությունը կրեդիտային շարժունության գործողություններին համարվելու է Գործընկեր երկրների հետ համագործակցության առանցքային հիմնասյուներից մեկը: Վերջապես, նոր շրջափուլում ՄԿՇ-ի մասնակիցներին ավելի կարճատև շարժունության հնարավորություն կտրամադրվի  (5-30 օր)  (առավել մանրամասները կտրամադրվեն Հանձնաժողով կողմից): 

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի ապագան

Հաջորդ ծրագրում Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը կընդգրկվեն ՀԳ 2-ի մեջ` ազդարարելու ավելի մեծ ուշադրություն գործընկերության հիման վրա համատեղ ծրագրի իրականացման, այլ ոչ թե շարժունության նկատմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այս գործողության նորություններից մեկը Գործընկեր երկրների բուհերի առավել սերտ և ուղիղ ներգրավվածությունն է կոնսորցիումային ծրագրերին։ Այսուհետ վերջիններս կարող են հանդես գալ նաև հայտատուի դերում` Ծրագրային երկրի բուհերի հետ հավասար պայմաններում հայտնվելով:

Նրություններ Կարողություների զարգացման գործողությունների վերաբերյալ

Կարողությունների զարգացում  բարձրագույն կրթության  ոլորտում

Էրազմուս+ ՀԳ2 Բարձրագույն կրթության ոլորտում Կարողությունների զարգացման ծրագրերն ուղղված են Գործընկեր երկրներում բուհերի և կրթական համակարգերի արդիականացմանն ու զարգացմանը: Այս  գործողության շրջանակում նախատեսում է ներդնել մեծ և փոքր կոնսորցիումներ նախատեսող համատեղ նախագծեր տարբեր թիրախավորմամբ՝ փոքր ծրագրերը կընդգրկեն մասնավորապես նորեկ բուհերին և կառույցներին,  իսկ մեծերը՝ ավելի փորձառու համալսարաններին: Շեշտադրվելու են կառուցվածքային ծրագրերը, որոնց նպատակն է խթանել Գործընկեր երկրներում նախարարությունների անմիջական մասնակցությունը: Կարողությունների զարգացման բոլոր ծրագրերը պետք է հիմնվեն ներառականության սկզբունքների վրա` ամրապնդելով բարձրագույն կրթության և առավել լայն սոցիալ-տնտեսական միջավայրի կապը: Գործողությունը կենտրոնանալու է նաև հետևյալի վրա.

  • Գերակայությունների առավել հստակ հարմարեցումն ազգային և տարածաշրջանային կարիքներին,
  • Աջակցություն Եվրահանձնաժողովի գերակայությունների ներդրմանն ու իրականացմանը (օրինակ`կանաչ գործարքներ, թվային վերափոխման, կայուն աճի և աշխատատեղերի ստեղծման դաշինքներ, միգրացիոն գործընկերություններ, կառավարում, խաղաղություն և անվտանգություն, ինչպես նաև ԵՄ կրթության քաղաքականության շրջանակներում արտաքին համագործակցության խթանում)։ 

Կարողությունների զարգացում  միջին մասնագիտական կրթության և ուսուցման  ոլորտում 

Առաջին անգամ կարողությունների զարգացումը ՄԿՈՒ ոլորտում բացվելու է Գործընկեր երկրների համար (չխառնել ՄԿՈՒ շարժունության հետ): Նպատակն է աջակցել Գործընկեր երկրներում ՄԿՈՒ հաստատությունների և համակարգերի արդիականացմանը, մատչելիությանը, համապատասխանությանը և միջազգայնացմանը `մերձեցնելով ՄԿՈՒ-ն աշխատաշուկայի կարիքներին: Կսահմանվեն նոր թեմատիկ ոլորտներ, որոնց մանրամասները պարզ կդառնան հաջորդ Առաջարկների ընդունման մրցույթի մեկնարկի ընթացքում։ 

Կարողությունների զարգացում  սպորտի  ոլորտում

Որպես Էրազմուս+ 2021-2027թթ շրջափուլի նորություն, Եվրահանձնաժողովը Գործընկեր երկրների համար կբացի նաև սպորտի ոլորտում կարողությունների զարգացման գործողությունները՝ նպատակ ունենալով աջակցել այդ երկրներում սպորտային գործունեության և քաղաքականության զարգացմանը՝ առավել համախմբված համայնքներ կառուցելու նպատակով ստեղծելով անհատների անձնական և հասարակական զարգացումը խթանող կրթական գործիքներ: Մյուս կարևոր նպատակներն են ՝ սպորտի միջոցով հասնել առավել մեծ ներառականության և սոցիալական ընդգրկվածության և զարգացնել հիմնական սպորտային կազմակերպությունների կարողությունները:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Էրազմուս+ 2021-2027թթ Ծրագրի իրականացման վերաբերյալ բոլոր տեխնիկական և բովանդակային մանրամասները և ուղեցույցները հասանելի կլինեն ավելի ուշ։ 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ