Որոնել

«Օպտիմալ վարքագծի դրսևորումները ճգնաժամային իրավիճակներում» թեմայով վեբինար հոգեբան Տիգրան Գրիգորյանի հետ

Նոյեմբերի 15-ին Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան թեկնածու թևի (ESN Երևան) թիմը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աջակցությամբ, կազմակերպեց «Օպտիմալ վարքագծի դրսևորումները ճգնաժամային իրավիճակներում» թեմայով վեբինար ճգնաժամային հոգեբանության առաջատար փորձագետ և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվ անդամ Տիգրան Գրիգորյանի մասնակցությամբ։ 

Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ողջունեց հայ ուսանողներին և ESN Երևանի թեկնածու թևի նոր անդամներին և խրախուսեց նրանց ակտիվ մասնակցությունը առցանց միջոցառմանը: Նա նաև կարևորեց ճգնաժամի պայմաններում երիտասարդների հոգեբանական կարիքների լուծման կարևորությունը և շնորհակալություն հայտնեց հյուր փորձագետին՝ իր ժամանակի և օգնության համար:

Վեբինարի ընթացքում պրն. Գրիգորյանը մասնակիցների հետ կիսվեց հետպատերազմյան երկրում հոգեբանական կայունության ապահովման տարբեր մեթոդներով, խոսեց ՔՈՎԻԴ-19 համաճարակի հետ կապված ճգնաժամի սպառնալիքի, հատկապես երիտասարդության վրա դրա ազդեցության մասին, ինչպես նաև նշեց կանխարգելման հնարավոր ուղիները: Փորձագետը շեշտեց կրթության դերը Հայաստանի հետագա զարգացման գործում, ուսանողներին նաև տրվեցին խորհուրդներ (օրինակ`առցանց ժամանակը վերահսկողության տակ պահելը, վիրտուալ և ֆիզական գործունեությունը հավասարակշռելը, բնության գրկում ժամանակ անցկացնելը և այլն), թե ինչպես զարգացնել արտադրողականությունը հեռավար ուսուցման ընթացքում և հարմարվել համաճարակային արգելափակումներին:

AnalitikaUA-ին տված հարցազրույցում Տիգրան Գրիգորյանը կիսվել է հանդիպման մասին իր տպավորություններով.

«Ես շատ դրական եմ տպավորված Հայաստանում ուսանողների և Էրազմուս միջազգային ուսանողական կազմակերպության անդամների հետ ինտերակտիվ հաղորդակցությունից: Ամենակարևորն այն է, որ բացի բարձրորակ կրթություն ապահովելուց, այս ծրագիրը [Էրազմուս+] հնարավորություն է ընձեռնում հայ երիտասարդներին ընկերություն անել աշխարհի բոլոր երիտասարդների հետ: Կրթության ընթացքում ուսանողները հայտնաբերում են աշխարհի բազմամշակութայնությունը, սովորում հարգել տարբեր երկրներից ներկայացուցիչների մտածելակերպը, մշակույթն ու սովորույթները, և, ինչը կարևոր է, այս թվային դարաշրջանում նրանք իսկական ընկերներ են ձեռք բերում օտար երկրներում:

Վաղը նույն երիտասարդները, ովքեր կմասնակցեն իրենց երկրներում որոշումների կայացմանը, ավելի մեծ մարդկայնությամբ և ըմբռնումով են վերաբերվելու հարևան երկրների ներկայացուցիչներին: Եվ ես շատ տպավորված եմ, որ ուսանողները հասկանում են, թե որքան կարևոր է լինել ժամանակակից աշխարհի մի մասը, արժանապատիվ կրթություն ստանալ ՝ չնայած աշխարհաքաղաքական մարտահրավերներին և բոլոր այն բացասական իրադարձություններին, որոնց միջով Հայաստանն անցնում է հետխորհրդային տարածքում՝ հայտնի է իր բարձր տուրբուլենտությամբ և անկանխատեսելիությամբ»:

Հանդիպման ավարտին մասնակիցները և բանախոսը հույս հայտնեցին, որ իրենց շփումը կշարունակվի և արդյունավետ կլինի երկու կողմերի համար էլ:

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ