Ֆորս մաժորի կիրառում Էրազմուս+ կրեդիտային շարժունությամբ Իտալիայում գտնվող հայ մասնակիցների վերադարձի դեպքում
Ի գիտություն հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների, որոնց ուսանողներն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այժմ Էրազմուս+ շարժունության ծրագրով գտնվում են Իտալիայում․ նոր տեսակի կորոնավիրուս վարակի տարածումը զսպելու նպատակով՝ Իտալիայի Կառավարության նախաձեռնարկած կարանտինի համատեքստում, տեղեկացնում ենք, որ Էրազմուս+ ընթացիկ շարժունությունների ընդհատման անհրաժեշտության պարագայում գործում են ֆորս մաժորային դրույթները: Հիշեցնում ենք նաև, որ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ կարանտինը նպատակ ունի կանխելու COVID19 համաճարակի ավելի լայն տարածումը: Այնուամենայնիվ, եթե շարժունության մասնակիցները պայմանավորված ժամկետից շուտ պետք է վերադառնան Հայաստան, ապա հարկավոր է հաշվի առնել շարժության համաձայնագրում նշված դրույթները:
Ուղարկող բուհերը պետք է ստուգեն Մասնակցի դրամաշնորհային համաձայնագրի ստորև հոդվածները ֆորս մաժորային ցանկացած դեպքի համար (նման դրույթներ ընդգրկված են թ՛ե ուսանողների և թե՛ բուհի աշխատակիցների համաձայնագրերում)՝
ՀՈԴՎԱԾ 3․ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ենթահոդված 3․6) և ՀԱՎԵԼՎԱԾ II․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ֆորս մաժորի պատճառով շարժունության մասնակցի կողմից համաձայնագիրը դադարեցնելու պարագայում (այստեղ ֆորս մաժոր է համարվում անկանխատեսելի բացառիկ կամ վերահսկողությունից դուրս գտնվող իրավիճակները) վերջինս իրավունք ունի ստանալու դրամաշնորհ` իրականացված շարժունության փաստացի տևողության համաձայն: Այլ դեպքերում տրամադրված բոլոր դրամական միջոցները պետք է ետ վերադարձվեն, բացառությամբ այն դեպքի, երբ հյուրընկալող ուսումնական հաստատության հետ այլ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Ամփոփելով՝ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ֆորս մաժորի դեպքում շարժունության մասնակիցը, որին չի հաջողվել համաձայնագրով նախատեսված ժամկետներում իրականացնել իր շարժունությունն Իտալիայում, իրավունք ունի հյուրընկալող համալսարանից ստանալ Էրազմուս+ դրամաշնորհի այն բաժինը, որը համապատասխանում է մինչ ֆորս մաժորն իրականացրած շարժունության ժամանակահատվածին:
Շարժունության հայ մասնակիցներին պետք է տեղեկացնել նաև, որ նրանք կարող ենք աջակցություն ստանալ ինչպես իտալական հյուրընկալող բուհի, այնպես էլ Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից: