Էրազմուս+ տեղեկատվական օր Վանաձորի պետական համալսարանում
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական արշավի շրջանակներում 2019թ. հոկտեմբերի 22-ին Լոռու մարզի Վանաձորի պետական համալսարանում (ՎՊՀ) տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրը:
Միջոցառման գլխավոր նպատակն էր տեղեկացնել Լոռու մարզի ակադեմիական և ոչ ակադեմիական շահառուներին առաջիկա Էրազմուս+ առաջարկների ներկայացման մրցույթի մասին և ծանոթացնել Էրազմուս+ բարձրագույն կրթության համար նախատեսված միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, Ժան Մոնե Գործողություններ, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր) մանրամասներին։
Տեղեկատվական օրը հյուրընկալեց ՎՊՀ-ի ուսանողներին, աշխատակիցներին, ինչպես նաև ներկայացուցիչների Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղերից:
Քանի որ առաջարկների ներկայացման 6-րդ մրցույթը կամփոփի Էրազմուս+ ծրագրի 7-ամյա շրջանակը (2014-2020թթ.), այս տարի Էրազմուս+ ազգային գրասենյակը, համագործակցելով ՎՊՀ համագործակցության և կապերի բաժնի հետ, նախաձեռնեց փորձի փոխանակման նոր ձևաչափ, որը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ այն ազդեցությանը, որ ծրագիրն անցած տարիների ընթացքում ունեցել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և, մասնավորապես, ՎՀՊ-ի և մարզային մասնաճյուղերի վրա:
Միջոցառման առաջին հատվածում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը ներկայացրեց Կարողությունների զարգաման ծրագրերի մանրամասները, դիմելու ընթացակարգը և վիճակագրական տվյալները, որից հետո ՎՊՀ-ում իրականացվող Կարողությունների զարգաման երկու նախագծերի տեղական համակարգողները ծանոթացրին BOOST (Գոհար Դոխոլյան) և PRINTEL (Անուշ Գևորգյան) ծրագրերի արդյունքներին:
Տեղեկատվական օրվա երկրորդ մասը նվիրված էր Ժան Մոնե գործողություններին, որոնց մասին տեղեկատվությունը ներկայացրեց «Իրավական մոտարկման լաբորատորիա» Ժան Մոնե նոր մոդուլի համակարգող Աննա Խվորոստյանկինան Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից: Մասնակիցները հնարավորություն ունեցան տկն. Խվորոստյանկինայից ստանալու գործնական խորհուրդներ և առաջարկություններ` իրենց առաջին Ժան Մոնե առաջարկները մշակելու համար:
Միջոցառման երրորդ մասն ուղղված էր պանելային քննարկումներին Էրազմուս+ շարժունության ծրագրերին մասնակցած ուսանողների, ակադեմիական և վարչական աշխատակիցների հետ, ովքեր կիսվեցին արտասահմանում սովորելու և դասավանդելու իրենց ձեռքբերումներով (հմտություններ և կարողություններ) և մարտահրավերներով (լեզվական և մշակութային խոչընդոտներ): Քննարկումները վարում էին Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատուներ Էդիթ Սողոմոնյանը և Անի Թորոսյանը:
Եվ, վերջապես, օրվա եզրափակիչ մասի ընթացքում Էդիթ Սողոմոնյանը ներկայացրեց դիմելու ընթացակարգն ու ժամանակացույցը Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերով հետաքրքրվողների համար: