Որոնել

Մեկնարկեցին Էրազմուս+ տեղեկատվական առցանց վեբինարները

Ս.թ. ապլիլի 8-ին և 9-ին Էրազմուս+ ազգային գրասենյակը անցկացրեց Տեղեկատվական առցանց վեբինարներ, որոնց նպատակն էր շահեկիցներին ներկայացնել Էրազմուս Մունդուս և Ժան Մոնե Գործողությունների դրամաշնորհային հնարավորությունները, տեղեկացնել դրանց վերաբերող մրցույթների մեկնարկի և մասնակցության պայմանների, ինչպես նաև տեղական, տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունների մասին։

Երկօրյա վեբինարներին հետևեցին մասնակիցներ (օր 1՝ 201 մասնակից, օր 2՝ 122 մասնակից) 15 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հորդանանից, Բելգիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Էստոնիայից, Ռումինիայից և Միացյալ Նահանգներից։

«Ես միանշանակ խրախուսում եմ ձեզ հանդես գալ գործընկերային այնպիսի առաջարկներով, որոնք կուսումնասիրեն կանաչ և թվային վերափոխումների յուրահատուկ ոլորտները: Այժմ մենք բարձր քաղաքական մակարդակում Հայաստանյան բոլոր շահառուների հետ քննարկում ենք «Կանաչ գործարքը», այժմ նաև Քովիդ-19-ի նոր համատեքստում՝ «Կանաչ վերականգնումը»: Մենք պետք է ուսումնասիրենք և բացահայտենք համագործակցության նոր հնարավորությունները այս նոր կանաչ և թվային օրակարգերի ներքո և աջակցենք մեր տնտեսությունների և հասարակությունների վերականգնմանը», իր բացման խոսքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար պրն. Գոնսալո Սերանոն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վերահաստատեց Էրազմուս+ ծրագրի կարևոր դերը ԵՄ և հարևան երկրների միջև կրթության, վերապատրաստման, մշակույթի և երիտասարդության նախագծերի միջոցով համագործակցության ընդլայնման և ամրապնդման գործում: «Մասնակցելով Էրազմուս+ ծրագրի գործողություններին՝ բուհերի աշխատակիցներն ու ուսանողները հիանալի հնարավորություն են ստանում փոխանակվելու փորձով իրենց հասակակիցների և գործընկերների հետ Եվրոպայում, սովորելու միմյանցից և համագործակցելու միմյանց հետ, և որ ամենակարևորն է դառնալու գլոբալ քաղաքացիներ՝ ընդլայնելով իրենց տեսլականներն ու մտածելակերպը»:

Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ 2021-2027թթ նոր շրջափուլի ռազմավարական գերակայություններն ու նորույթները։ 2021 թ. Էրազմուս+ Առաջարկների ներկայացման մրցույթը հայտարարվել է միայն Ժան Մոնե  և Էրազմուս Մունդուս գործողությունների համար: Նոր շրջափուլի ընթացքում ծրագրի միջազգային  հատվածը կընդլայնվի և կներառի Միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ), Վիրտուալ փոխանակումների և Սպորտի ոլորտները: Այս գործողություններից մի քանիսը հասանելի կլինեն 2021թ․ Առաջարկների ներկայացման մրցույթի շրջանակներում, իսկ մի մասը կսկսվեն ավելի ուշ: Գործողությունների աշխարհագրական շրջանակը դեռևս պետք է հստակեցվի:

Հաջորդիվ՝ Կրթության, աուդիովիզուալ և մշակույթի գործադիր գործակալության ծրագրի պատասխանատու Դեսպինա Քրիստադոնին ներկայացրեց վերջերս վերափոխված Էրազմուս Մունդուս գործողության մանրամասները և առաջարկվող ֆինանսավորման նոր շրջանակը։
Էրազմուս Մունդուս գործողության շրջանակներում հայաստանյան բուհերը կարող են բարձրացնել իրենց միջազգայնացման կարողությունները, արդիականացնել կրթական ծրագրերն ու դասավանդման պրակտիկան, մշակել նոր համատեղ մագիստրոսական ծրագրեր՝ հիմնվելով որակի ապահովման, հավատարմագրման, աստիճանների և կրեդիտների ճանաչման միջազգային փորձի վրա: Հայաստանի բուհերը կարող են հանդես գալ և՛ որպես ծրագրի համակարգող, և՛ որպես ձևավորված կոնսորցիումի գործընկեր հաստատություն:

Իլիայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար Սալոմե Բիլանիշվիլին ներկայացրեց համալսարանի երկար փորձը «IMCEERES» Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի մշակման և իրականացման ուղղությամբ։ Ծրագիրը նպատակ ունի ուսանողներին մանրակրկիտ գիտելիքներ հաղորդել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի հասարակության, քաղաքականության, տնտեսագիտության և մշակույթի պատմական և ժամանակակից զարգացումների վերաբերյալ։

Առաջին օրվա վեբինարի վերջին խոսնակն էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Ռուբեն Թոփչյանը։ Հայաստանյան փորձագիտական թիմի անդամը մասնակիցներին հիշեցրեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրումը կանոնավոր պարտադիր գործընթաց է ինչպես Հայաստանի տարածքում գործող մասնավոր, այնպես էլ պետական բուհերի համար և հանդիսանում է ակադեմիական ծրագրերի հավատարմագրման նախապայման: Հաշվի առնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը` պրն․ Թոփչյանը խեսոց նաև ծրագրային հավատարմագրման հեռանկարների մասին:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, բացելով Էրազմուս+ Տեղեկատվական առցանց վեբինարների երկրորդ օրվա միջոցառումը, կարևորեց վերջերս վավերացված «ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (CEPA), որն արժևորում է երկու կողմերի փոխգործակցությունը կրթության և վերապատրաստման ոլորտում՝ ուշադրության կենտրոնում պահելով մասնագիտական և բարձրագույն կրթությունը։ Այն նախատեսում է Եվրոպական ինտեգրման գործընթացի խորացված ընկալում, ԵՄ-Արևելյան Գործընկերություն համագործակցության շրջանակներում ակադեմիական երկխոսության ամրապնդում և մասնակցություն Եվրամիության կողմից ֆինանսավորվող համապատասխան ծրագրերին: Էրազմուս+ ծրագիրը կարող է նպաստել նախատեսված ԵՄ-Հայաստան բարձրագույն կրթության ոլորտի ամրապնդմանն ուղղված գործողությունների արդյունավետ իրականացմանը։

Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց վիճակագրական տվյալներ 2015 թվականից ի վեր Հայաստանում Ժան Մոնե ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Բրյուսովի պետական համալսարանում Ժան Մոնե մոդուլի համակարգող Աննա Խվորոստյանկինան և Երևանի պետական համալսարանի  Եվրոպական ուսումնսիրությունների կենտրոնում Ժան Մոնե մոդուլի համակարգող Քրիստինե Գևորգյանը հանդես եկան Ժան Մոնե հաջողակ ծրագրային առաջարկների մշակման և իրականացման գործնական խորհուրդներով և առաջարկներով։

Երկրորդ օրվա քննարկումներն ուղղված էին Ժան Մոնե այն Գործողություններին, որոնք ուղղված են խթանելու դասավանդումն ու հետազոտությունը Եվրոպական Միության ուսումնասիրությունների ոլորտում: Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հրավիրյալ խոսնակները կիսվեցին Ժան Մոնե ծրագրերի իրականցման իրենց փորձով։

Կովկասի համալսարանում Ժան Մոնե մոդուլի համակարգող Եկատերինե Կարդավան համառոտ ներկայացրեց Ժան Մոնե ծրագրային գաղափարների, նպատակների և համապատասխան գործողությունների ձևակերպման իր փորձը։

Գումիլյովի անվԵվրասիական ազգային համալսարանի Տարածաշրջանային հետազոտությունների վարչության պետ Ժանար Մեդեուբաևան և Թբիլիսիի պետական համալսարանի Միջազգային իրավունքի ինստիտուտի տնօրեն Իրինե Կուրդաձեն խոսեցին «Եվրոպական դիվանագիտություն» և «Հասկանալով ԵՄ հավասարության քաղաքականությունը» Ժան Մոնե եռամյա ամբիոնների ստեղծման և իրականացման մասին։

Օքսանա Հոլովկո-Հավրիշևան՝ Լվովի Իվան Ֆրանկո պետական համալսարանի Ժան Մոնե գերազանցության կենտրոնի ղեկավարը, մասնակիցներին ծանոթացրեց «Եվրոպական ուսումնասիրությունների արևմտյան ուկրաինական հետազոտական Ժան Մոնե գերազանցության կենտրոն»-ը, որը Եվրոպագիտության միջդիսցիպլինար հետազոտական կենտրոն է՝ ուղղված բեղմնավոր համագործակցության մոդելի կառուցմանը համալսարանի, քաղաքականություն մշակողների և լայն հասարակության միջև: Տիկին Հոլովկո-Հավրիշևան նաև մի քանի խորհուրդ տվեց Ժան Մոնե ամբիոնի հաջողակ ծրագրային առաջարկներ մշակելու վերաբերյալ:

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ