Որոնել

Էրազմուս+ կրթաթոշակային ծրագրերին նվիրված առցանց հանդիպում ուսանողների հետ

Ս․թ․ ապրիլի 26-ին Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի Արտաքին կապերի հանձնաժողովը նախաձեռնել էր առցանց հանդիպում, որը նվիրված էր Էրազմուս+ կրթաթոշակային ծրագրերին։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց առաջարկվող հնարավորությունները՝ անդրադարձ կատարելով ՀՀ-ում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությանը, Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության կրթաթոշակային ծրագրերին, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին, անհատներին առաջարկվող կրթաթոշակային ծրագրերին մասնակցելու հնարավորություններին, դիմելու նախապայմաններին։

Հանդիպումը բաց էր հայաստանյան բարձարգույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար։ Zoom հարթակում հավաքվել էին շուրջ 100 մասնակից։ Հարթակում տեղերի սահմանափակության պատճառով հետաքրքրված այլ շահառուները հանդիպմանը հետևելու հնարավրություն ունեցան ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցներն իրենց հուզող բազմաթիվ հարցերն ուղղեցին բանախոսին։ Հարցերը հիմնականում նվիրված էին փոխանակման ծրագրի ավարտից հետո ռոտացիայի կիրառման հավանականությանը, ծրագրի ընթացքում մայր բուհում ուսման վարձերին առնչվող քաղաքականությանը, հյուրընկալող բուհում առաջարկվող կրթական ծրագրերին, դասավանդման լեզվին, մասնագիտության փոփոխության հնարավորությանը, Քովիդ-19 համաճարակի ազդեցությանը կրթական գործընթացի կազմակերպման վրա, լրացուցիչ ֆինանսավորման մեխանիզմների առկայությանը հատուկ կարիքներ ունեցող դիմորդների համար։ 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ