Որոնել

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման առիթով

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը բնապահպանական պատճառաբանություններով ադրբեջանցիների կողմից փակ է 2022թ․  դեկտեմբերի 12-ից մինչ այսօր։ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120,000 բնակչությունը, այդ թվում՝ 30,000 երեխաներ շրջափակման մեջ են։ 1100 խաղաղ բնակիչ մեկ ամիս է ինչ շրջափակման պատճառով չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Իսկ դեկտեմբերի սկզբին կրթական և մշակութային տարատեսակ միջոցառումների մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած 270 երեխա մնացել են Հայաստանում՝ արդեն մեկ ամիս կտրված իրենց ընտանիքներից։ 

2022թ-ի դեկտեմբերի 12-ից դադարեցված է սննդամթերքի, դեղորայքի, անհրաժեշտ պարենի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, հաշվի առնելով, որ նշված ճանապարհը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ուղին է, հասանելի չէ նաև օդային կապ։ 

Այս շրջափակումով խախտվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի Հոդված 26-ը՝ զրկելով երեխաներին լիարժեք կրթության իրավունքից: Լեռնային Ղարաբաղի մի շարք ուսումնական հաստատություններ պարբերական գազամատակարարման, էլեկտրաէներգիայի մատակարարման և սննդի բացակայության պատճառով ժամանակավորապես չեն գործում։ Հիմնական խողովակներն ու մալուխներն անցնում են շրջափակված տարածքով, մասնագետները հնարավորություն չունեն մոտենալու և վերահսկելու վթարները։ 

Կոպտորեն ոտնահարվել է նաև ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակ 4․7-ին հասնելու հնարավորությունը՝ արգելափակելով արցախաբնակ սովորողների՝ կայուն զարգացումը խթանելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռքբերման, ի թիվս այլոց, հատկապես կայուն զարգացման և կայուն կենսակերպի, մարդու իրավունքների, գենդերային հավասարության, խաղաղության և բռնությունը մերժող մշակույթի խթանման, աշխարհաքաղաքացիության, ինչպես նաև մշակութային բազմազանության և կայուն զարգացման մեջ մշակույթի ունեցած ավանդը գնահատող ուսուցման հնարավորությունները։

Հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղում վնասվել էր Հայաստանի Հանրապետությունից ուղղվող հաղորդակցության լարերը՝ Արցախի ամբողջ տարածքում խաթարելով հեռահաղորդակցության և ֆիքսված համացանցի հասանելիությունը։ Համացանցի անհասանելիության պայմաններում Արցախում շրջափակված երեխաներն ու ուսանողները զրկվել են նաև առցանց ոչ ֆորմալ դասընթացների մասնակցելու հնարավորությունից։  

Միջազգային ազդեցիկ իրավապաշտպան «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House), «Հյումն ռայթս ուոթչ» (Human Rights Watch), «Ամնեսթի Ինթերնեշնլ» (Amnesty International) կազմակերպությունները անդրադարձել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող (Լաչինի) միջանցքի դիտավորյալ փակմանը և Արցախի շրջափակմանը՝ հորդորելով Ադրբեջանին բացել միջանցքը և ապահովել մարդկանց իրավունքները։

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը անթույլատրելի է համարում կրթության իրավունքի իրացման խաթարումը և պահանջում է օր առաջ հնարավոր դարձնել շրջափակման մեջ գտնվողների՝ կրթության իրավունքի իրացումը։  

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2023թ․