Որոնել

Հայաստանի մասնակցությամբ Էրազմուս+ ՀԳ2-ի՝ 2018թ․ մրցույթում հաղթած ծրագրերը

Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալությունը (EACEA) հայտարարել է Եվրամիության Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերի (ՀԳ2) 2018թ. մրցույթի արդյունքները։ Ընդհանուր առմամբ ընտրվել է 147 ծրագիր, որոնցից  Հայաստանի բուհերի և այլ կազմակերպությունների մասնակցությամբ  5 ծրագիր է առաջադրվել ֆինանսավորման:

Այս 5 ծրագրերից 3-ը տարածաշրջանային են իսկ 2-ը՝ միջտարածաշրջանային, 4-ը համատեղ ծրագրեր են, իսկ 1-ը՝ կառուցվածքային։ 1 ծրագիր, որը նվիրված է առողջապահության և սոցիալական գիտությունների ոլորտում դոկտորական ծրագրերին, համակարգվելու է Երևանի Մ. Հերացու անվան պետական ​​բժշկական համալսարանի կողմից։ Հայաստանից 17 գործընկեր ներկայացված են ի դեմս 11 բարձրագույն ուսումնական հաստատությունների և ՀՀ կրթության և գիտության նախարարության:

Ծրագրերի աշխատանքային թիմերը կազմված են 14 Ծրագրային երկրներից՝ Ավստրիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա,  Բելգիա, Լատվիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Միացյալ Թագավորություն և Մակեդոնիա, և 5 Գործընկեր երկրներից` Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ռուսաստանի Դաշնություն, Բոսնիա եւ Հերցեգովինա։

Ի գիտություն՝  2015-2018 թթ. առաջարկների ներկայացման մրցույթների արդյունքում Հայաստանի մասնակցությամբ ներկայացվել է մոտ 180 ծրագրային առաջարկ, որոնցից  ֆինանսավորման է ընտրվել 21 ծրագիր: Այդ 21 ծրագրերից 6-ը համակարգվում են հայկական բուհերի կողմից:

Հղում` էրազմուս+ Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերը, որոնց տևողությունը երկու-երեք տարի է, ուղղված են բարձրագույն ուսումնական հաստատությունների արդիականացմանը և բարեփոխմանը, նոր ուսումնական ծրագրերի մշակմանը, կառավարման բարելավմանը և բուհրի ու ձեռնարկությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Նրանք կարող են նպաստել նաև կրթական քաղաքականության արդիականացմանը, բարձրագույն կրթության բարեփոխումների հիմք նախապատրաստել` համագործակցելով ազգային մարմինների հետ: Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերի տարեկան բյուջեի շուրջ 11%-ը հատկացվում է Արևելյան գործընկերության երկրներին:

Ընտրության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության էջին (EACEA)` https://eacea.ec.europa.eu/sites/eacea-site/files/cbhe_2018_publication_website_list_of_projects_by_region.pdf

Ծրագրի մասին ուղեցույցները և այլ օգտակար տեղեկատվությունը հասանելի է Գործադիր գործակալության վեբկայքի՝ շահառուների համար նախատեսված բաժնում` https://eacea.ec.europa.eu/erasmus-plus/beneficiaries-space_en

Հրապարակված է․Նորություններ