Որոնել

Կայացավ Սերբիայի և Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների միջև նեթվորքինգային հանդիպումը

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Սերբիայում Էրազմուս+ ազգային գործակալության հետ համատեղ դեկտեմբերի 20-ին առցանց ձևաչափով իրականացրեց Սերբիայի և Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների միջև նեթվորքինգային հանդիպումը։ Հանդիպմանը երկու երկրներից մասնակցում էին շուրջ 80 ՄԿՈւ հաստատությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ և այլ դերակատարներ։

Հանդիպումը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի և Սերբիայում Էրազմուս+ ազգային գործակալության ղեկավար Մարիա Ֆիլիպովիչ-Օժեգովիչի ողջույնի խոսքերով։ Այնուհետև ելույթով հանդես եկավ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն»-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը։ Նա անդրադարձավ Հայաստանի ՄԿՈւ ոլորտում զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ՄԿՈւ գործունեության մեխանիզմներին և կարգավորումներին, որակավորումների ազգային շրջանակին, միջազգային համագործակցության դրույթներին և սպասվելիք օրենսդրական փոփոխություններին։

Հաջորդիվ Սերբիայում Էրազմուս+ ազգային գործակալության «Դպրոցների, ՄԿՈՒ և մեծահասակների կրթության ոլորտ»-ի բաժնի Ծրագրերի ղեկավար Դեհան Կոժիչը ներկայացրեց Սերբիայի ՄԿՈւ ոլորտի ընդհանուր նկարագիրը։ Նա անդրադարձավ Սերբիայում ՄԿՈւ հաստատությունների դասակարգմանը, ոլորտային առանձնահատկություններին, դուալ կրթության, ինչպես նաև ուսանողական կոոպերատիվների փորձին։

Միջոցառման հաջորդ խոսնակը Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան էր, ով ներկայացրեց Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» (CBVET) գործողության մանրամասները, ծրագրի կողմից առաջարկվող ֆինանսավորման հնարավորությունները և դիմելու հիմնական պայմանները։

Ելույթներից հետո Հայաստանից և Սերբիայից ընտրված 6-ական ՄԿՈւ հաստատություններ ներկայացրին իրենց հաստատությունները՝ նշելով գործունեության ոլորտը, կարիքները, և կիսվեցին համագործակցային գաղափարներով։

Ստորև կարող եք տեսնել այդ հաստատությունների անվանումները, ելույթ ունեցած անձանց տվյալները և համապատասխան պրեզենտացիաները։

  1. Ավիացիայի ակադեմիա, Դանիելա Մանիչ (ք․ Բելգրադ, Սերբիա)
  2. Ավիաուսումնական կենտրոն, Լարիսա Գաբրիելյան (ք․ Երևան, Հայաստան)
  3. Տեխնիկական և Կիրառական արվեստի ակադեմիա, Լիլիանա Պեկիչ (ք․ Բելգրադ Սերբիա)
  4. Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ, Մարգարիտ Պողոսյան (ք․ Իջևան, Հայաստան)
  5. «Դրվո-արվեստ» տեխնիկական քոլեջ, Զորիցա Ջոկովիչ (ք․ Բելգրադ, Սերբիա)
  6. Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ, Ինեսսա Հարությունյան (ք․ Երևան, Հայաստան)
  7. Սեստրե Նինկովիչ բժշկական քոլեջ, Վերա Պետրովիչ (ք․ Կրագուևաց, Սերբիա)
  8. Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջ, Իռեն Սարգսյան (ք․ Երևան, Հայաստան)
  9. Կրագուևացի միջին մասնագիտական դպրոց, Սանյա Միլոյեվիչ (ք․ Կրագուևաց, Սերբիա)
  10. Գորիսի պետական քոլեջ, Շուշանիկ Հովհաննիսյան (ք․ Գորիս, Հայաստան)
  11. Սոնյա Մարինկովիչի անվան գյուղատնտեսության դպրոց, Իվան Միլոշ (ք․ Պոժարևաչ, Սերբիա)
  12. Վարդենիսի «Բադեյան» քոլեջ, Աննա Կարապետյան (ք․ Վարդենիս, Հայաստան)

Արդյունքում ՄԿՈւ հաստատությունները․

  • ծանոթացան երկու երկրներում ՄԿՈւ ոլորտի կարիքներին և առանձնահատկություններին,
  • տեղեկացան Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության պահանջների և դիմելու կարգի մասին,
  • ներկայացրին իրենց ՄԿՈւ հաստատությունների կարիքները և համագործակցության շրջանակները,
  • հաստատեցին գործընկերային կապեր այլ ՄԿՈւ հաստատությունների հետ, ինչպես նաև քննարկեցին նախագծի գաղափարներ։

Հանդիպման նկարները և ձայնագրությունը հասանելի են ստորև։

Հրապարակված է․Նորություններ 2023թ․