Որոնել

+
«Կրթությունը Եվրոպայում․ իմ փորձը» հանդիպում ծնողների և ուսանողների հետ

2018թ.-ի Եվրոպայի Օրվա տոնի շրջանակներում, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ համատեղ, ս.թ. մայիսի 24-ին ժ17։30-ից 20։00-ն Անի պլազա հյուրանոցի «Անի» սրահում կազմակերպում են «Կրթությունը Եվրոպայում․ իմ փորձը» առաջին տեղեկատվական միջոցառումն ուսանողների և ծնողների համար:

Ուսումն արտերկրում, վստահաբար, մեծ մարտահրավեր է ինչպես ուսանողի, այնպես էլ նրա ծնողի համար։ Թեև Եվրոպան ուսումնական մեծ հեռանկարներ  է առաջարկում միջազգային ուսանողության համար, օտար լեզվով կրթության կազմակերպման, արտերկրում կյանքի որակի և ապահովության վերաբերյալ անորոշության վախը ծնողների շրջանակում շարունակում է մնալ հրատապ խնդիրներից մեկը։ Արդյունքում կրթարթոշակ շահած հայ ուսանողներից շատերն իրենց ծնողների հոգեբանական ճնշման պատճառով ստիպված են լինում հրաժարվել Եվրոպայում ուսանելու բացառիկ հնարավորությունից։

Միջոցառման հիմնական նպատակն է լավագույն օրինակների միջոցով փարատել հայ ծնողների մտահոգությունները և օգնել հաղթահարել նրանց հոգեբանական վախերը։

Հանդիպմանը հրավիրված են վերջին տարիների (2013-ից 2016թթ․) ընթացքում Եվրամիության տարբեր երկրներում, այդ թվում և Գերմանիայում ուսանած Erasmus+ և DAAD կրթաթոշակակիրները, որոնք կներկայացնեն Հայաստանից դուրս ապրելու և ուսանելու ընթացքում ունեցած մարտահրավերներն ու ձեռքբերումները թե՛ ակադեմիական և թե՛ անձնային նոր որակների ձևավորման տեսքով: Հարթակ կտրամադրվի նաև նրանց ծնողներին, որոնք կփորձեն կիսել իրենց կարևորագույն մտահոգություններն ու դրանց հաղթահարման հաջողակ փորձը։

Միջոցառման ընթացքում հատուկ կարիքներով շրջանավարտներից մեկը կներկայացնի նաև Եվրոպայի բուհերից մեկի՝  ներառական կրթությունից օգտվելու իր քայլերը։

Միջոցառման լեզուն հայերենն է։ Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Հարցերի համար կոնտակտային տվյալներն են՝

Erasmus+  010 580963, program@erasmusplus.am

DAAD 010 582515, info@daad.am

 

Հրապարակված է․Նորություններ