«Հարկային և մաքսային արտոնությունների տրամադրումը և «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրառումը ԵՄ ֆինանսավորում ստացած բուհերի կողմից» աշխատաժողով
2019թ․ ապրիլի 19-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվհասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ աշխատանքային քննարկում հետևյալ խորագրով՝ «Հարկային և մաքսային արտոնությունների տրամադրումը և «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրառումը ԵՄ ֆինանսավորում ստացած բուհերի կողմից»։
Միջոցառմանը հրավիրված էին ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ Էրազմուս+ ծրագրեր իրականացնող 13 պետական, մասնավոր և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսաների նախարարությունններից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, ինչպես նաև «Հանրային քաղաքականության հետազոտության ազգային կենտրոն» ՀԿ-ից։ Քննարկման նպատակն էր պետական մարմինների ներկայացուցիչների կողմից պարզաբանումներ ստանալ եվրոպական ֆինանսավորամբ ծրագրերի իրականացման ընթացքում հարկազատման և պետական գնումների կարգերի վերաբերյալ։
Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան հիշեցրեց մասնակիցներին, որ համաձայն 2006թ․-ին հաստատված ԵՄ- Հայաստան միջպետական շրջանակային պայմանագրի 3-րդ հոդվածի, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում սարքավորումների և ծառայությունների ձեռքբերումը կատարվում է առանց 20% ԱԱՀ-ի։ ԵՄ պատվիրակության համագործակության բաժնի ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանն ու նույն բաժնի օգնական Նարինե Արզումանյանը պարզաբանեցին պատվիրակության կողմից հարկազատման ընթացակարգը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման թույլտվության գործակալության առաջատար մասնագետ Մագդա Սարգսյանը պատասխանեց հարկային արտոնությունների տրամադրման պետական գործընթացի վերաբերյալ հարցրերին։
Էրազմուս+ բարձրագույն կրթության ծրագրերում ընդգրկված ֆինանսական և գնումների հարցերով զբաղվող գործընկերները բարձրաձայնեցին նաև իրենց մտահոգությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքի պարտադիր իրականացման պարագայում Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում ֆինանսական վնասների և այլ սահմանափակումների վերաբերյալ։ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հեղինե Ջաղինյանն բուհական գործընկերներին առաջարկեց այս խնդիրների լուծման իրենց գրավոր առաջարկներն ուղարկել նախարարության գնումների քաղաքականության մշակման բաժին։
Ի ամփոփում աշխատանքային հանդիպման՝ ԵՊԼՀ ֆինանսական վարչության պետ Հասմիկ Ղազարյանը ներկայացրեց հարկազատման և գնումների ոլորտում ԵՊԼՀ-ի հաջողված փորձն ու լուծումները։