Որոնել

Էրազմուս+ PRINTeL նախագծի մեկնարկային համաժովողը Երևանում
Փետրվարի 15-16-ին ԵՊՀ-ում մեկնարկեց Էրազմուս+ PRINTeL «Փոփոխու­թյուն լսա­րանում. նորարա­րա­կան դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փոր­ձա­ռու­թյան բարելավման նպատակով» նախագծի մեկնարկային համաժողովը: ԵՊՀ-ի կողմից ներկայացված  PRINTeL ծրագիրը Եվրահանձնաժողովի Էրազմուս+ ՀԳ 2՝ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում արժանացել է հավանու­թյան և ստացել եռամյա ֆինանսավորում՝ 2018-2020 թթ. համար:

PRINTeL նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավերներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդ­ման և ուսում­­նառության մեթոդների զարգացմանը և նորա­րա­րությանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։ Ծրագրի համակարգող և ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը ներկայացրեց նախագծի առաքելությունը, համակարգման աշխատանքներն ու ակնկալվող արդյունքները:  Նա ընդգծեց, որ հիմնական նպատակն է բարելավել ուսանողի ուսումնական փորձառությունը գործըն­կեր երկրնե­­րում և օժանդա­կել դասավանդ­ման և ուսումնառության զարգացմանն ու նորա­րա­րությանը, աջակցել դասավանդման տեխնոլո­գիա­ների և հետազո­տու­թյան ին­տե­գրացիային, ինչպես նաև լավագույն փոր­ձի տարածմանը:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ նշված նպատակին հասնելու համար կիրականացվեն մի շարք գործընթացներ՝ ուղղված դասախոսների վերապատրաստման կենտրոնների հզորացմանը, գործընկեր բուհերի դասախոսական կազմի կարո­ղու­թյուն­նե­րի բարձրացմանը՝ զարգացնելով նրանց դասավանդման նորարա­րա­­կան հմտությունները: Նախատեսվում է նաև հիմնել դասավանդման և ուսումնառության վիրտուալ ակադեմիա՝ որպես դա­սա­­խոսների և ուսանող­նե­րի կարողությունների զարգացման վիրտուալ հարթակ։

Էրազմուս+ PRINTeL նախագծի գործընկերներն են Հայաստանի, Վրաստանի, Բելա­ռու­­սի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Ավստ­րիա­յի մի շարք առաջատար համալսարան­ներ, որոնց ներկայացուցիչները համաժողովի ընթացքում հանդես եկան զեկուցումներով: Այն համակարգում է ԵՊՀ-ն՝ ի դեմս որակի ապահովման կենտրոնի  ղեկավար Արմեն Բուդաղյանի (abudaghyan@ysu.am): Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Աղբյուր՝ http://www.ysu.am/news/hy/Support-for-innovative-education

Հրապարակված է․Նորություններ