Որոնել

«Առցանց դասընթացների, Էրազմուս+ շարժունության կազմակերպումը ՔՈՎԻԴ-19 համաճարակի պայմաններում» թեմայով 1-ին առցանց աշխատանքային քննարկում

Ի պատասխան Հայաստանի բարձրագույն կրթությանն ուղղված ՔՈՎԻԴ – 19 համաճարակի մարտահրավերներին՝ ս․թ․ ապրիլի 7-ին Էրազմուս+ ազգային գրասենյակը կազմակերպեց առաջին առցանց հանդիպումը հայաստանյան բուհերի միջազգային կապերի համար պատասխանատու վարչությունների մասնագետների հետ, որոնք բուհերում համակարգում են Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերը։ Հանդիպումը տեղի ունեցավ Zօօm հարթակի միջոցով՝ համախմբելով 25-ից ավել մասնակիցների 11 Երևանյան և 2 մարզային բուհերից, ինչպես նաև Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական թիմի մի քանի անդամների։ 

Բուհերը ներկայացրեցին առցանց կրթության անցնելու հիմնական մարտահրավերները՝ ա) թվային ձևաչափով դասավանդման ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմի ինտերակտիվ հմտությունների և կարողություների պակասը, բ) առցանց դասընթացների որակի ու արդյունավետության գնահատումը, գ) ECTS կրեդիտների կուտակման համակարգի հնարավոր բացերի վերլուծությունը և խնդիրների վերհանումը, դ) առցանց կրթությունն ապահովող բուհական հարթակների ՏՏ սպասարկումը և անվտանգության ապահովումը, և այլն։

Քննարկվեցին մի քանի բուհերի կողմից առցանց դասընթացների հասանելիությունը գնահատելու նպատակով ուսանողերի հարցման արդյունքները։ Նշվեց հատկապես մարզային ուսանողների համար առցանց կրթության հասանելիության խնդիրը, քանի որ ոչ բոլորն ունեն անձնական համակարգիչ՝ առաջարկվող դասընթացներին մասնակցելու համար։  Որպես խնդրի լուծման լավագույն տարբերակ՝ ներկայացվեց Վանաձորի պետական համալսարանի փորձը, ըստ որի` բուհը պայմանագրեր է կնքել սոցիալապես խոցելի ուսանողների հետ՝ ժամանակավորապես դյուրակիր համակարգիչներ տրամադրելով նրանց։ 
Առցանց հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև այն թվային հարթակների ու գործիքակազմի արդյունավետությունը (Moodle, Big Blue Button, Google Meet, Zoom, Microsoft Team, Jitsi), որոնք կիրառվում են բուհերում ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով։ 

Առանցքային թեմաներից մեկն էր Էրազմուս+ ընթացիկ շարժունությամբ ԵՄ երկրներում գտնվող հայ  և Հայաստանում գտնվող արտասահմանցի ուսանողների՝ հեռահար եղանակով կրթության շարունակականությունը, ինչպես նաև նրանց՝ հայրենիք վերադառնալու և առցանց շարժունությանը մասնակցելու հնարավորություններն ու կրեդիտների ճանաչման մարտահրավերները։  Մասնակիցները քննարկեցին նաև դասախոսների և վարչական կազմի Էրազմուս+ ընթացիկ շարժունությունների չեղարկումների, ընդհատումների արդյունքում ֆինանսական կորուստների առկայությունը և դրանցից բխող ճգնաժամային կառավարման մեխանիզմների կիրառումը։ Էրազմուս+ գրասենյակի աշխատակազմը ևս մեկ անգամ հիշեցրեց ֆորս մաժորային դրույթների ուժի մեջ մտնելու ընթացակարգը, ինչպես նաև հորդորեց միջազգային կապերի համար պատասխանատուներին ծրագրերի շահառուների շրջանակում լայնորեն տարածել Եվրահանձնաժողովի «Հաճախակի տրվող հարցեր»-ն Էրազմուս+ ծրագրի վրա ՔՈՎԻԴ-19 համաճարակի ազդեցության հետևանքների վերաբերյալ։

Աշխատանքային հանդիպման ավարտին գրասենյակը ներկայացրեց Էրազմուս+ PRINTEL կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում մշակված դասավանդման և ուսումնառության նորարարական, ինտերակտիվ գործիքակազմին ծանոթանալու հնարավորությունը։ 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ