Որոնել

+
Առաջին առցանց համագործակցային հանդիպումն ապագա «ЕSN Երևան» թիմի հետ

Ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակն առցանց հանդիպում ունեցավ երեք պայծառ և լավատեսությամբ լի Էրազմուս+ շրջանավարտների հետ` Նենսի Մկրտչյանի` Հայաստանում Ֆրանսիական համալսարանից, Հերմինե Ֆանյանի` Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանից և Շուշանիկ Գալոյանի` Եվրասիա միջազգային համալսարանից: Գրասենյակի աշխատակիցներն ուրախ էին տեղեկանալու նրանց` Էրազմուս+ և միջազգային փոխանակման ուսանողների համար աջակցության նոր կառույց ստեղծելու նախաձեռնության մասին: Այդ ուղղությամբ արդեն իսկ մի շարք քայլեր են ձեռնարկվել, և թիմը դիմել է  Էրազմուս ուսանողական ցանցին (ESN)` Հայաստանում առաջին ներկայացուցչությունը դառնալու համար:

Հիշեցում ցանցի աշխարհագրական ընդգրկվածության մասին. Էրազմուս ուսանողական ցանցը ստեղծվել է Նիդերլանդներում 31 տարի առաջ և ներկայումս ներառում է 42 երկիր և 529 տեղական ներկայացուցչություններ: Այն ունի տեղական ներկայացուցիչներ Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ադրբեջանում: Հետևաբար, Հայաստանի անդամակցությունը ESN ընտանիքին թույլ կտա ցանցում ընդգրկել Արևելյան գործընկերության բոլոր 6 երկրները:

ZOOM տեսակոնֆերանսի ընթացքում երեք շրջանավարտները, որոնք կարող են դառնալ ESN-ի ապագա երևանյան ներկայացուցչության թիմի հիմնական անդամներ, կիսվեցին իրենց պատմություններով և մտահոգություններով` կապված Հայաստանում ESN-ի բացակայությամբ, հատկապես ՔՈՎԻԴ-19-ի համաճարակի պայմաններում, ինչը կտրուկ ազդել է ուսանողների շարժունության վրա: Ըստ նրանց, ESN- ի բացակայությունը մեր երկրում բացասաբար է անդրադառնում փոխանակման ծրագրերին մասնակցող ուսանողների վրա (ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա): Ներգնա ուսանողների աջակցությանն ուղղված ընդհանուր պլատֆորմ դեռևս չկա, որտեղ նրանց կօգնեն ավելի լավ ծանոթանալ Հայաստանին, տեղեկատվություն փոխանակել, խնդիրներ վերհանել և համապատասխան աջակցություն ստանալ: Բացի այդ, ESN քարտի զեղչային հնարավորությունները Հայաստանում հասանելի չեն ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ուսանողների համար, ինչը մեծացնում է տնտեսական անհամաչափությունը Էրազմուս+ Ծրագրային և Գործընկեր երկրների միջև:

ESN-ի ապագա երևանյան ներկայացուցչության թիմը պատրաստակամություն հայտնեց շարունակական և կանոնավոր կապի մեջ լինել Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ` որպես իր հիմնական ռազմավարական գործընկերներից մեկի և խնդրեց գրասենյակի աջակցությունը` օգնելու կապ հաստատել այն հայ ուսանողների հետ, որոնք ներկայումս ԵՄ-ում մասնակցում են շարժունության ծրագրերի: Կողմերը համաձայնեցին, որ այդ ուսանողների կարիքների և մարտահրավերների ուսումնասիրության վերլուծությունը կարող է օգնել նոր ձևավորված թիմին սահմանել իրենց` դեռևս առցանց գործողությունների ուղղվածությունը: Կողմերը նաև քննարկեցին համագործակցության մեխանիզմները, մասնավորապես՝ հաղորդակցման միջոցներն ու հարթակները, համատեղ միջոցառումների կազմակերպումը, ESN-ի ապագա երևանյան թիմի անդամների վերապատրաստումը գրասենյակի կողմից և այլն:

Թիմն արդեն ստեղծել է Էրազմուս+ և Միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցած ուսանողների ֆեյսբուքյան խումբ, որը հրավիրում է անդամակցել հայաստանյան տարբեր բուհերի նախկին, ընթացիկ և ապագա շարժունության ծրագրերի ներգնա և արտագնա բոլոր ուսանողներին և շրջանավարտներին` որպես այս խոստումնալից ցանցի նախնական անդամներ: Խմբի նպատակն է ստեղծել ուսանողների, բուհերի միջազգային բաժինների կամ գրասենյակների և Էրազմուս+ այլ հիմնական գործընկերների համայնք:

Գրասենյակի աշխատակիցները թիմին մաղթում են հաջողություն Էրազմուս ուսանողական ցանցի լիիրավ անդամ դառնալու գործընթացում:

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ