Որոնել

Տեղի ունեցավ Էրազմուս+ նախագծերի միջև փորձի փոխանակման առցանց հանդիպումը

Հունվարի 31-ին տեղի ունեցավ Էրազմուս+ նախագծերի միջև փորձի փոխանակման առցանց հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ նախագծերում արդեն հմուտ բուհական ներկայացուցիչների փորձը, կարևոր խորհուրդներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել Էրազմուս+ նախագծերի մշակման և իրականացման գործընթացում։ Հանդիպումը նաև նպատակ ուներ աջակցել և նախագծերի մշակման լավագույն փորձը փոխանցել այն բուհերին, որոնք պլանավորում են դիմել Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողությանը, որի վերջնաժամկետը փետրվարի 8-ն է։

Հանդիպումը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ ներկայացնելով Էրազմուս+ նախագծերի ընտրության չափանիշները, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանի համար 2023 թ․ Էրազմուս+ Առաջարկների մրցույթի ընտրության արդյունքները և միտումները։ Այնուհետև Մարիաննա Հարությունյանը (Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Հայկական պետական մանկավարժական համալսարան) «Հաղորդակցություն» թեմայի շրջանակում կիսվեց Էրազմուս+ նախագծերում գործընկերների միջև միջմշակութային և գործնական հաղորդակցության հաստատման և պահպանման իր փորձով։

Հաջորդ խոսնակ Լիլիթ Թոռչյանը (Արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, Գավառի պետական համալսարան) «Որակի ապահովման մեխանիզմներ» թեմայի շրջանակում անդրադարձավ Էրազմուս+ նախագծերի աշխատանքային գործընթացները վերահսկելու, և բարելավելու մոտեցումները։ Այնուհետև Գոհար Ավետիսյանը (Միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար, Հայաստանի եվրոպական համալսարան) «Տեսանելիության բարձրացման մոտեցումներ» թեմայի շրջանակում ներկայացրեց կրթական հաստատությունների բրենդավորման և նախագծերի առաջխաղացման կարևորությունը։

Հանդիպումը ամփոփվեց Գարեգին Համբարձումյանի՝ (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ) «Բյուջեի կազմման մոտեցումները (Lump sum) «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» Գործողության շրջանակում» թեմայով ներկայացմամբ։ Գարեգինը ներկայացրեց տվյալ Գործողության շրջանակում բյուջեի հաշվարկման և հայտերի ներկայացման մանրամասները։

Արդյունքում մասնակիցները ստացան տեղեկատվություն Էրազմուս+ ծրագրի Գործողություններին դիմելու գործընթացների՝ մասնավորապես նախագծի առաջխաղացման և տարածման, ֆինանսական պլանավորման, ինչպես նաև որակի ապահովման մեխանիզմների մշակման և կիրառման մասին։

Հանդիպման ընթացքում ներկայացված պրեզենտացիաները և նկարները հասանելի են ներքևում, իսկ հանդիպման ձայնագրությունը կարող եք դիտել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ֆեյսբուքյան էջում՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Հրապարակված է․News & Events 2024