Որոնել

Էրազմուս+ ազգային գրասենյակը հյուրընկալեց ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Շխերմերսին

2021 թ. մարտի 30-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Շխերմերսին և իր օգնական Սիրանուշ Գրիգորյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները, և մասնավորապես ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում հայ-հոլանդական համալսարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Էրազմուս+ գրասենյակի աշխատակիցները դեսպանին ներկայացրին Ծրագրի միջազգային բարձրագույն կրթական հատվածը և բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակազմին և ուսանողներին առաջարկվող ֆինանսավորման հնարավորությունները:

Դեսպան Շխերմերսը նշեց, որ ինստիտուցիոնալ համագործակցությունը և ակադեմիական փոխանակումները խրախուսելու համար պետք է խթանել և ամրապնդել հայաստանյան և հոլանդական բուհերի միջև երկարաժամկետ ինստիտուցիոնալ համագործակցությունները: Դա կարելի է իրականացնել միջազգային նոր նախաձեռնությունների և տարբեր խողովակներով ֆինանսավորվող ծրագրային գործընկերությունների առաջ բերմամբ, ինչպես նաև ընթացիկ համագործակցությունների ընդլայնմամբ: Այս առումով կարևոր դեր կարող են խաղալ Նիդեռլանդներում Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունությամբ ուսանած հայ շրջանավարտները, ում ներդրումը միջազգայնացման գործընթացում առավելագույնի հասցնելու, համագործակցության միջազգային ջանքերին արժեք հաղորդելու նպատակով հնարավոր է ստեղծվի Նիդեռլանդների հայ շրջանավարտների ասոցիացիա:

Դեսպանի խոսքերով, երկու երկրների միջև ռազմավարական միջհամայնքային համագործակցությունը կարող է խրախուսվել Տեղեկատվական տեխնոլոգիաների, Ագրարային ուսումնասիրությունների, Սննդի անվտանգության և ԳՏՃՄ ոլորտներում, որտեղ ակնհայտ է Հայաստանի աճող ներուժը: Էրազմուս+ թիմն ընդգծեց, որ Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերը կարող են առանցքային դեր ունենալ նշված ոլորտներում համագործակցությունը խթանելու գործում:

Քննարկվեցին նաև այլ միջոցառումներ (ինչպես օրինակ՝ համատեղ թեմատիկ քննարկումներ, հանրային դասախոսություններ, ուսումնական այցեր, կոնտակտային սեմինարներ) նախաձեռնելու հնարավորությունը, որոնք կնպաստեն հայաստանյան, և հոլանդական բարձրագույն ուսումնական հաստատությունների և համակարգերի ճանաչմանն ու մերձեցմանը:

2022թ Նիդեռլանդների Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ, հայ-հոլանդական հարաբերություններն ու համագործակցությունը նոր թափ կստանան: Այս համատեքստում կողմերը հույս հայտնեցին, որ մինչ այդ երկու երկրների բուհերն ու այլ հաստատությունները ԵՄ ֆինանսական աջակցությամբ կփորձեն և կհաջողեն ձևավորել Էրազմուս+ համագործակցության նոր կամ ընդլայնված մեխանիզմներ։

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2021թ