Որոնել

Կայացավ հայկական և լիտվական բուհերի միջև նեթվորքինգային հանդիպումը

Ապրիլի 11-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի և Լիտվայի բուհերի միջև նեթվորքինգային հանդիպում, որի նպատակն էր հայկական և լիտվական բուհերի միջև ստեղծել համագործակցության հնարավորություններ՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում և դրանից դուրս։

Հանդիպումը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, ք․գ․դ․ պրոֆ․ Ալեքսանդր Մարգարովի և Լիտվայի Էրազմուս+ ազգային գործակալության փոխտնօրեն Ժաննա Օրլովայի ողջույնի խոսքերով։

Ողջունի խոսքերից և օրակարգին ծանոթանալուց հետո՝ տիկին Ժաննա Օրլովան ներկայացրեց Լիտվայի բարձրագույն կրթության ոլորտի առանձնահատկությունները, կառուցվածքը, միջազգայնացմանն ուղղված բարեփոխումները, Էրազմուս+ նախագծերում լիտվական բուհերի ներգրավվածությունը և կառավարության կողմից ֆինանսավորվող կրթաթոշակային հնարավորությունները։

Այնուհետև տիկին Լանա Կառլովան ներկայացրեց Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում առկա զարգացումները, օրենսդրական դաշտում տեղի ունեցող բարեփոխումները, ՀՀ կրթության զարգացման ազգային ռազմավարությունը, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրի շրջանակներում երկու երկրների բարձրագույն կրթական հաստատությունների միջև ընթացիկ համագրործակցության վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Հանդիպման երկրորդ հատվածում լիտվական և հայկական բուհերի ներկայացուցիչները ներկաացրին իրենց հաստատությունների գործունեության շրջանակը և հանդես եկան համագործակցության առաջարկներով։ Լիտվական բուհերից ներկայացան Վիլնյուսի համալսարանը, Վիլնյուսի քոլեջը, Կաունասի քոլեջը, Լիտվայի ծովային ակադեմիան, Պանևեժիս քոլեջը (ի դեպ՝ այս քոլեջները տրամադրում են բարձրագույն կրթություն), իսկ հայկական բուհերից՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Երևանի Հայբուսակ համալսարանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Գավառի պետական համալսարանը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Ներկայացումները ամփոփվեցին մասնակիցների միջև հարց ու պատասխանով։

Հանդիպման վերջին հատվածը նվիրված էր նեթվորքինգային կապերի հաստատմանը, որտեղ լիտվական և հայկական բուհերի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան փոխանակել իրենց կոնտակտային տվյալները և քննարկել համագործակցության գաղափարներ։ Որպես այս հանդիպման շարունակություն՝ ապրիլի 12-ին լիտվական բուհերի ներկայացուցիչները հյուրընկալվեցին հայկական բուհեր՝ համագործակցության շրջանակները ավելի մանրամասն քննարկելու նպատակով։

Հրապարակված է․News & Events 2024