Ապրիլի 6-ին տեղի ունեցավ ուսանողական ծառատունկ
Ապրիլի 6-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) հիմնադրամի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում գտնվող Սեմոնյան այգում կազմակերպեցին և իրականացրին ուսանողական ծառատունկ։ Ծառատունկի նպատակն էր Էրազմուս+ ծրագրի առաջնահերթություններից մեկի՝ Կանաչ Գործարքի շրջանակում ծառատունկի միջոցով բարձրացնել բնապահպանական թեմաների վերաբերյալ իրազեկվածությունը։ Ծառատունկը հավաքագրել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանից շուրջ 30 ուսանողների, որոնց մեծամասնությունը ուսանողական խորհրդի անդամներ էին։ Ուսանողների խմբին ակտիվորեն ղեկավարում և մոբիլիզացնում էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը։
Օրվա երկրոդ հատվածում մասնակիցները այցելեցին «Էյ Թի Փի» հիմնադրամի Կարինի տնկարաններ, որտեղ տնկարանի ղեկավար Սամվել Ղանդիլյանը ներկայացրեց տնակարաններում կատարվող իրենց աշխատանքը՝ նշելով, որ սկսած 1994 թվականից «Էյ Թի Փի» հիմնադրամը իր գործունեության 30 տարիների ընթացքում Հայաստանում տնկել է շուրջ 8 մլն ծառ։ Տնկարան այցից հետո մասնակիցները այցելեցին «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) հիմնադրամի ուսումնական կենտրոն։ Հիմնադրամի Բնապահպանական կրթության ծրագրի ղեկավար Իզաբել Շատոյանը ներակայացրեց կենտրոնի կողմից իրականացվող նախագծերը, կառուցվածքը և առկա հնարավորությունները։ Այնուհետև հիմնադրամի գլխավոր վերապատրաստող Նվարդ Գևորգյանը մասնակիցների հետ անցկացրեց բնապահպանական թեմաների վերաբերյալ վիկտորինա-քննարկում։ Հանդիպման ավարտին «Էյ Թի Փի» հիմնադրամի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները ձեռք բերեցին համագործակցելու պայմանավորվածություն։ Առաջիկայում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը կրկին նախատեսում է իրականացնել նմանատիպ նախաձեռնություններ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Էյ Թի Փի» հիմնադրամի Հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Բեգլարյանին՝ նախաձեռնությունը կազմակերպելու և կյանքի կոչելու համար։
Հետևեք մեզ՝ ամենահետաքրքիր նախաձեռնությունների մասին առաջինը տեղեկանալու համար։