Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումներ. Էրազմուս+ կրթաթոշակային հնարավորություններ
Այս օրերին մեծ թվով հայ ուսանողներ ակտիվորեն ներգրավված են սոցիալական ցանցերում: ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով սոցիալական ցանցերը դարձել են տեղեկատվության, ընկերների և ընտանիքի հետ կապ հաստատելու, և զվարճանքի հիմնական աղբյուրը: Էրազմուս+ կրթաթոշակային հնարավորություններն այդ ուսանողներին հասանելի դարձնելու նպատակով Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատուները Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի Արտաքին կապերի հանձնաժողովի հետ համագործակցությամբ նախաձեռնեցին Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների շարք:
Առաջին ուղիղ հեռարձակումը նվիրված էր Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին: Գրասենյակի Ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը տրամադրեց խորհուրդներ այն մասին, թե ինչպես դիմել ծրագրերին և ներկայացնել կրթաթոշակի արժանի դիմում-հայտեր:
Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը բարձրորակ միջազգային ուսումնական ծրագրեր են, որոնք իրականացվում են բարձրագույն ուսումնական հաստատություններից բաղկացած կոնսորցիումների կողմից, և որոնք շնորհում են ամբողջական կրթաթոշակներ դիմորդներին ամբողջ աշխարհից:
Պատրա՞ստ եք ավելի խորությամբ ծանոթանալ ծրագրերի առանձնահատկություններին, ուրեմն դիտե՛ք Ֆեյսբուքյան առաջին ուղիղ հեռարձակման ձայնագրությունը ստորև:
Երկրորդ ուղիղ հեռարձակման ընթացքում գրասենյակի Ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը շեշտը դրեց ուսանողների և բուհի աշխատակիցների փոխանակման հնարավորությունների վրա, որոնք առաջարկվում են Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում: Շարժունության ծրագրերը հնարավորություն են տալիս հայաստանյան բուհերի ուսանողներին և աշխատակիցներին սովորել, մասնագիտական փորձ ձեռք բերել, դասավանդել կամ վերապատրաստվել արտերկրում: Ֆինանսավորումը կարող է օգտագործվել նաև միջազգային ուսանողներին և ոլորտի մասնագետներին հայկական բուհերում հյուրընկալելու համար:
Ինչպե՞ս դիմել Էրազմուս+ կրեդիտային շարժունության կրթաթոշակային ծրագրերին, որո՞նք են դիմելու նախապայմանները, որպես ուսանող քանի՞ անգամ կարող եք մասնակցել Էրազմուս+ փոխանակման ծրագրերին, որքա՞ն կրթաթոշակ կարող եք ստանալ:
Եթե այս հարցերի պատասխանները Ձեզ նույնպես հետաքրքրում են, ապա հետևե՛ք Ֆեյսբուքյան երկրորդ տեսանյութին ստորև: