Որոնել

Մասնակիցների նույնականացման ծածկագիր (PIC)

Ինչպե՞ս գրանցել կազմակերպությունը Մասնակիցների պորտալում 

Նախքան Էրազմուս+ ծրագրի որևէ գործողության դիմելը՝ բոլոր կազմակերպությունները (թե՛ դիմորդ և թե՛ գործընկեր) ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գրանցված լինեն Մասնակիցների պորտալում և պետք է ունենան Մասնակիցների նույնականացման 9 նիշանոց ծածկագիրը՝ PIC-ը։ Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ Ձեր կազմակերպության՝  Պորտալում արդեն իսկ գրանցված  լինելու պարագայում այն կրկին գրանցելն անհրաժեշտ չԷ։

Դուք կարող եք ուղղակիորեն ստուգել Պորտալում՝ արդյոք Ձեր կազմակերպությունն արդեն գրանցված է և ունի PIC ծածկագիր թե ոչ: Եթե ոչ, խնդրում ենք շարունակել գրանցումը` հետևելով էջի հրահանգներին (Գրանցման օգնականը կօգնի Ձեզ այդ գործընթացում): Գրանցումն ավարտելուց հետո Դուք կստանաք Ձեր կազմակերպության PIC-ը, որը հետագայում կօգտագործվի թե՛ Էրազմուս+ Առաջարկների մրցույթի շրջանակներում առցանց հայտադիմումները լրացնելիս և թե՛ ԵՄ ծառայությունների հետ նամակագրության մեջ:

Ինչ է անհրաժեշտ կազմակերպությունը գրանցելու համար

  • Քայլ 1. Նախապատրաստվե՛ք

Քանի որ Պորտալում հայտարարված տեղեկատվությունը հետագայում պետք է հաստատվի օժանդակ փաստաթղթերի միջոցով, օգտակար է գրանցումն ավարտելիս ձեռքի տակ ունենալ բոլոր պաhանջվող փաստաթղթերը (օր՝ կազմակերպության իրավաբանական ձևը, շահույթ հետապնդել կամ չհետապնդելը, պետական կամ մասնավոր գործունեության տեսակը և այլն), որպեսզի համոզված լինեq, որ ամեն ինչ ճիշտ եք լրացնում:

  • Քայլ 2. Ստուգե՛ք, թե արդյոք Ձեև կազմակերպությունն ունի նախկինում արդեն իսկ գրանցված PIC ծածկագիր

Եթե վստահ չեք՝ նախկինում դիմե՞լ է արդյոք Ձեր կառույցը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի (ինչի պարագայում այն կունենա PIC կոդ) թե ոչ, փնտրեք Ձեր կազմակերպության տվյալները Պորտալի տվյալների բազայում:Մուտքագրեք կազմակերպության անվանումը անգլերեն լեզվով, ընտրեք երկիրը և սեղմեք «Որոնել կազմակերպությունը» կոճակը: Եթե նախկինում Ձեր կազմակերպությունը  գրանցվել է՝ ԵՄ ֆինանսավորմամբ որևէ այլ ծրագրի դիմելու նպատակով, նրա տվյալները կհայտնվեն ցանկում, ինչպես ցույց է տրված ստորև օրինակում.

VALIDATED   AM    Yerevan      Yerevan State University     YSU     PIC 998298975  VAT xxx     Reg. number xxx

  • Քայլ 3.  Եթե PIC-ը գրանցված չէ, սկսե՛ք գրանցումը

Մուտք գործեք Ֆինանսավորման և տենդերային հնարավորությունների պորտալ և ընտրեք  «Գրանցել կազմակերպությունը» կոճակը: Գրանցման օգնականը քայլ առ քայլ կուղղորդի Ձեզ ողջ գործընթացի ընթացքում: Մանրամասն բացատրությունները հասանելի են «Ինչպես գրանցվել» ուղեցույցում: Գրանցման գործընթացը կարելի է կիսատ թողնել և ավելի ուշ վերադառնալ: Դուք կարող եք մուտքագրել Ձեր կազմակերպության մասին որոշակի տվյալներ, այնուհետև պահպանել դրանք և շարունակել գրանցումն ավելի ուշ: Ձեր գրանցումը շարունակելու և գրանցման գործընթացը վերսկսելու համար պետք է մուտք գործել «Իմ կազմակերպությունները» մենյուն: Անավարտ գրանցումները մեկ տարի անց ավտոմատ կերպով ջնջվում են: Եթե սխալմամբ նոր PIC ծածկագիր եք ստեղծել, կարդացե՛ք «Տվյալների թարմացում» ուղեցույցը:

 

PIC ծածկագիրը

Նոր գրանցումն ավարտելուց հետո դուք կստանաք Մասնակիցների նույնականացման 9 նիշանոց ծածկագիրը (PIC-ը), որը կօգտագործվի Ձեր առցանց դիմումի ձևում և ԵՄ ծառայությունների հետ հետագա նամակագրության մեջ: Նոր ստեղծված PIC-ը կլինի ժամանակավոր (հայտարարված/ոչ վավերական կարգավիճակում), մինչև որ այն պաշտոնապես կվավերացվի հաջորդ փուլում: PIC-ի ստեղծումից ամինջապես հետո Ձեզանից որևէ այլ բան չի ակնկալվում։ Կենտրոնական վավերացման ծառայությունը Պորտալի ներքին նամակագրական համակարգի միջոցով կապ կհաստատի Ձեզ հետ՝ վավերացման գործընթացը մեկնարկելու նպատակով:

 

Ձեր կազմակերպության վավերականացումը

Եթե ​​Ձեր ծրագրային հայտը հաջողի, Ձեզ հետ կապ կհաստատեն՝ վավերացնելու PIC-ի գրանցման տվյալները: Կենտրոնական վավերացման ծառայությունը կապ կհաստատի կազմակերպությունը գրանցած անձի  հետ և կխնդրի.

  • վերբեռնել պաշտոնական օժանդակ փաստաթղթեր («Իմ կազմակերպությունները» էջի միջոցով)
  • ճշգրտել ցանկացած մանրամասներ

Պահանջվող փաստաթղթերը նշված կլինեն ծանուցող նամակում: Դուք պետք է լրացնեք իրավաբանական անձի նույնականացման ձևաթուղթը և տրամադրեք ԱԱՀ-ի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ, կազմակերպության պետ․ ռեգիստրի գրանցման վկայականի քաղվածք, կանոնադրության կամ հիմնադրման ակտի էլեկտրոնային պատճե և այլն:

Փաստաթղթերի մանրամասն ցանկը բացատրված է նաև Իրավաբանական անձի՝ LEAR-ի նշանակման և վավերացման կանոններում և Ֆինանսական կարողությունների գնահատման ձևաթղթում։

Կենտրոնական վավերացման ծառայությունը կստուգի՝ արդյոք Ձեր կազմակերպությունը օրենքով ճանաչված է (ունի պետ ռեգիստրում իրավաբանական անձի կարգավիճակ): Եթե ​​դա այդպես չէ, դուք պետք է ապացուցեք, որ կազմակերպության ներկայացուցիչներն իրավասու են կազմակերպության անունից ստանձնելու իրավական պարտավորություններ, և որ կազմակերպությունն ունի իրավաբանական անձանց ֆինանսական և գործառնական կարողություններին համարժեք կարգավիճակ: Այս գործընթացի արդյունքում Ձեր կազմակերպությունը կվավերացվի (կունենա վավերացված PIC ծածկանիշ): Երբ գործընթացն ավարտվի և PIC-ը վավերացվի, Կենտրոնական վավերացման ծառայությունը կուղարկի հաստատման հաղորդագրություն:

Կարևոր է հիշել, որ Կենտրոնական վավերացման ծառայության հետ բոլոր շփումները պետք է իրականացվեն Մասնակիցների ռեգիստրի՝ «Իմ կազմակերպությունները» էջի միջոցով: Էլեկտրոնային նամակները և  հաղորդակցության այլ միջոցները ՉԵՆ ընդունվելու: Կազմակերպության վավերացումը  Իրավաբանական անձի կողմից նշանակված ներկայացուցչի (LEAR) նշանակման համար պարտադիր պայման է:

 

Իրավաբանական անձի ներկայացուցիչը (LEAR) կամ Հաշվի ադմինիստրատորը

Ձեր կազմակերպության վավերացմանը զուգահեռ, Կենտրոնական վավերացման ծառայությունը Ձեզանից կպահանջի նշանակել իրավաբանական անձի ներկայացուցչին (LEAR): Պետք է նշանակվի կազմակերպության օրինական ներկայացուցիչը (օրինակ՝ գործադիր տնօրենը, ռեկտորը, տնօրենը կամ այլ՝ կազմակերպության կանոնադրությամբ հաստատված ղեկավարը), որն ունի կառույցի անունից անհրաժեշտ իրավական որոշումներ կայացնելու լիազորություններ: Եթե նման որոշումները վերապահված են կազմակերպության մի քանի ներկայացուցիչների, ապա պետք է խմբային նշանակում լինի՝ համատեղ ստորագրությունների հիմունքով:

LEAR-ի դերն առանցքային է: Նրանք պաշտոնապես առաջադրվում են՝ Ձեր կազմակերպության անունից կառավարելու Պորտալի օգտագործումը և այդպիսով կրում են վերջնական պատասխանատվությունը Պորտալում կատարված բոլոր գործողությունների համար:
Հաստատվելուց հետո LEAR-ը պատասխանատու է.

  • բոլոր առաջարկների/նախագծերի/պայմանագրերի վերահսկման համար, որոնցում ներգրավված է Ձեր կազմակերպությունը,
  • Ձեր կազմակերպության մասին իրավական և ֆինանսական տեղեկատվության համար,
  • կազմակերպության մակարդակով արտոնելու այն անձանց մուտքը ռեգիստր, որոնք կկարողանան էլեկտրոնային եղանակով ստորագրել դրամաշնորհային պայմանագրերը (իրավական ստորագրողներ — LSIGNs) և ֆինանսական հաշվետվությունները (Ֆինանսական ստորագրողներ — FSIGNs):

 

LEAR-ի հաստատումն ու վավերացումը

Դուք կարող եք գտնել քայլ առ քայլ հրահանգները Պորտալի «Գրանցվել կազմակերպությունը» բաժնում:

 

Տվյալների թարմացում կամ ինչպես փոխել LEAR-ին

Եթե Ձեզ անհրաժեշտ է փոխարինել արդեն իսկ վավերացված LEAR-ի տվյալները, կարող եք նշանակել նոր LEAR՝ կատարելով նույն քայլերը, ինչ նախնական նշանակման դեպքում էր: Եթե Դուք LEAR եք և Ձեր էլ. փոստի հասցեն փոխվել է, խնդրում ենք տեղեկացնել Կենտրոնական վավերացման ծառայությանը Portal Messaging Facility-ի միջոցով (Իմ կազմակերպությունները > Գործողություններ > Փոփոխել կազմակերպությունը), որպեսզի ստանաք հրահանգներ, թե ինչպես շարունակել փոփոխությունը:

 

Բանկային հաշիվների գրանցումն ու վավերացումը Պորտալում

Բացի մասնակից կազմակերպությունների վավերացումից, մենք պետք է նաև վավերացնենք Ձեր կազմակերպության բանկային հաշիվը, որին վճարումների պետք է կատարվեն: Կենտրոնական վավերացման ծառայությունը կկապվի համակարգողի հետ PIC-ի վավերացումից հետո: Բանկային հաշվի տվյալները Մասնակիցների ռեգիստր մուտքագրելու և անհրաժեշտ օժանդակ փաստաթղթերը վերբեռնելու համար մտեք Իմ կազմակերպություններ > Գործողություններ > Փոփոխել կազմակերպությունը: Պահանջվող փաստաթղթերը նշված կլինեն Ձեզ ուղարկված ծանուցման մեջ: Ձեզ հարկավոր է տրամադրել բանկային հաշվի մանրամասները ինչպես, օրինակ՝ բանկային քաղվածք կամ ֆինանսական նույնականացման ձև: Կենտրոնական վավերացման ծառայությունը կստուգի այս տեղեկատվությունը և կհաստատի հաշիվը: Ձեր կազմակերպությունն առաջին անգամ գրանցելիս հարկավոր չէ բանկային հաշվի որևէ տեղեկություն հայտարարագրել: Ձեզ կառաջարկվի դա անել միայն եթե Ձեր դրամաշնորհային ծրագրի առաջարկը մրցույթում հաջողի: