Որոնել

+

Ծրագրի մասին

ՏԵՄՊՈՒՍԸ Եվրոպական միության ծրագիր է` ուղղված բարձրագույն կրթության համակարգի արդիականացմանը: Այն նպաստում է ԵՄ և Գործընկեր երկրների ինստիտուցիոնալ համագործակցությանը՝ կարևորելով վերջիններիս բարձրագույն կրթության համակարգերի բարեփոխումներն ու արդիականացման  գործընթացները: ՏԵՄՊՈՒՍԸ նաև նպատակ ունի խթանել Գործընկեր երկրների կրթական համակարգերի մասնակցությունը ԵՄ երկրներում բարձրագույն կրթության զարգացումներին։ Ծրագիրը հաստատվել է 1990թ. Եվրոպական միության Նախարարների Խորհրդի կողմից, այնուհետև երկարաձգվել չորս անգամ`

Տեմպուս I` 1990-1994թթ.,
Տեմպուս II` 1994-1998թթ.,
ՏեմպուսII bis` 1998-2000թթ.,
Տեմպուս III` 2000-2006թթ.,
Տեմպուս IV` 2007-2013թթ.

ՏԵՄՊՈՒՍՆ աջակցում է բարձրագույն կրթության բնագավառում ուսումնական ծրագրերի և կրթական նյութերի վերանայմանն ու զարգացմանը, կրթօջախների արդիականացմանը և/կամ համալսարանական կառավարման համակարգերի կատարելագործմանը: Այդ աջակցությունը ՏԵՄՊՈՒՍԸ տրամադրում է ԵՄ և Գործընկեր երկրների բարձրագույն կրթության հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված դրամաշնորհների միջոցով այն բնագավառներում, որոնք ԵՄ և Գործընկեր երկրների կողմից սահմանվել են որպես առաջնային և որոնք համահունչ են այդ երկրներում ընթացող սոցիալ-տնտեսական ընդհանուր բարեփոխումներին:

Գործընկեր երկրներ`

  • Արևելյան Եվրոպա` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա:
  • Կենտրոնական Ասիա` Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան:
  • Արևմտյան Բալկաններ` Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա և Կոսովո (համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244/99 բանաձևի)
  • Միջերկրածովյան տարածաշրջան` Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Մարոկո, Պաղեստինի գրավված տարածք, Սիրիա, Թունիս և Լիբիա:

ՏԵՄՊՈՒՍԻ շրջանակներում համագործակցության կառուցվածքը ձևավորվել է բարձրագույն կրթության արդիականացման ԵՄ ծրագրի հիման վրա, որն ունի երեք հիմնական բաղադրիչ`

Ծրագրային բարեփոխումներ

  • Ուսումնական ծրագրերի արդիականացում` Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի (European Credit Transfer System (ECTS) կիրառմամբ, եռաստիճան համակարգի ներդրմամբ և գիտական աստիճանների փոխճանաչմամբ:

 

Կառավարման համակարգի բարեփոխումներ

  • Համալսարանների կառավարում և ուսանողական ծառայություններ
  • Որակի ապահովման մեխանիզմների ներդրում
  • Ինստիտուցիոնալ և ֆինանսական ինքնավարություն և հաշվետվողականություն
  • Բարձրագույն կրթության հասանելիություն և թափանցիկություն
  • Միջազգային հարաբերությունների զարգացում

Բարձրագույն կրթություն և հասարակություն

  • Բուհական համակարգում չընդգրկված դասախոսների վերապատրաստում
  • Ձեռնարկությունների հետ համագործակցության զարգացում
  • Գիտելիքի եռանկյունի` կրթություն-հետազոտություն-նորարարություն
  • Վերապատրաստման դասընթացներ պետական հաստատությունների համար (նախարարություններ, մարզային/տեղական իշխանություններ)
  • Հասարակության մեջ հարատև կրթության զարգացում
  • Որակավորումների համակարգի ներդրում

ՏԵՄՊՈՒՍԸ խրախուսում է ԵՄ անդամ պետությունների և Գործընկեր երկրների հաստատություններին ներգրավվել կառուցվածքային համագործակցության մեջ «կոնսորցիումների» ստեղծման միջոցով: «Կոնսորցիումներն» իրականացնում են Համատեղ ծրագրեր և Կառուցվածքային ծրագրեր` իրենց հստակ սահմանված նպատակներով:

Համատեղ ծրագրերն իրականացվում են ինստիտուցիոնալ մակարդակում: Ծրագրային թեմաները ներառում են` ուսումնական ծրագրերի մշակում, համալսարանական կառավարման համակարգի բարելավում և բարձրագույն կրթության ու հասարակության միջև կապերի ամրապնդում: Ֆինանսավորում կարող են ստանալ Համատեղ ծրագրերի երկու կատեգորիա`

Ազգային ծրագրերն, ուղղված լինելով մեկ Գործընկեր երկրի, պետք է կենտրոնացած լինեն Գործընկեր երկրի ազգային առաջնահերթությունների վրա, որոնք սահմանվում են Կրթության նախարարությունների կողմից:
Միջազգային ծրագրերն, ուղղված լինելով ավելի քան մեկ Գործընկեր երկրի, պետք է կենտրոնացած լինեն տարածաշրջանային առաջնահերթությունների վրա, որոնք ընդհանուր են որոշակի տարածաշրջանի բոլոր Գործընկեր երկրների համար: Նրանք կարող են նաև միտված լինել որևէ ազգային առաջնահերթության, որն ընդհանուր է բոլոր մասնակից Գործընկեր երկրների համար:

Կառուցվածքային ծրագրերը նպաստում են ազգային մակարդակում Գործընկեր երկրների ուսումնական հաստատությունների և համակարգերի զարգացմանն ու բարեփոխմանը: Նրանք կարող են միտված լինել կառավարման կառույցների և համակարգերի բարեփոխմանը (որակավորման համակարգեր, որակի ապահովում, պետական օրենքներ, բարձրագույն կրթական համակարգերի կազմակերպում, համակարգում, հավատարմագրում, գնահատում, քաղաքականության մշակում և այլն) կամ բարձրագույն կրթության ու հասարակության միջև կապերի ամրապնդմանը: Ֆինանսավորում կարող են ստանալ Կառուցվածքային միջոցառումների երկու կատեգորիա`

Ազգային կառուցվածքային ծրագրերն, ուղղված լինելով մեկ Գործընկեր երկրի, կենտրոնացած են Գործընկեր երկրի ազգային առաջնահերթությունների վրա:
Միջազգային կառուցվածքային ծրագրերն, ուղղված լինելով ավելի քան մեկ Գործընկեր երկրի, կենտրոնացած են տարածաշրջանային առաջնահերթությունների վրա, որոնք ընդհանուր են որոշակի տարածաշրջանի բոլոր Գործընկեր երկրների համար: Նրանք կարող են նաև միտված լինել որևէ ազգային առաջնահերթության, որն ընդհանուր է մի քանի մասնակից Գործընկեր երկրների համար:

Ազգային և տարածաշրջանային առաջնահերթությունները սահմանվում են Առաջարկների մրցույթում:

Ովքեր են իրավասու մասնակցել ՏԵՄՊՈՒՍ ծրագրին`

  • Բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնք ցանկանում են իրականացնել ծրագրեր կոնսորցիումներում` բաղկացած ԵՄ անդամ երկրների և Գործընկեր երկրների հաստատություններից:
  • ԲՈՒՀ-երի ասոցիացիաներ, միավորումներ կամ ցանցեր,
  • Ռեկտորական, դասախոսական, ուսանողական կազմակերպություններ/միավորումներ,
  • Ոչ պետական կազմակերպություններ,
  • Սոցիալական գործընկերներ կամ նրանց կողմից հիմնադրված կրթական կազմակերպություններ,
  • Պետական և մասնավոր ձեռնարկություններ,
  • Հետազոտական հաստատություններ

Պետական կառույցները (նախարարությունները, ինչպես նաև այլ ազգային, տարածաշրջանային կամ տեղական մարմինները) կամ պետական կազմակերպությունները կարող են մասնակցել ԲԱՅՑ ֆինանսավորման հատուկ պայմաններով (դրամաշնորհը փոխհատուցում է միայն նրանց ճանապարհածախսը և կեցության ծախսերը):

 

ՏԵՄՊՈՒՍ ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկատվությանը (անգլերենով) ծանոթացեք այստեղ։  

ՏԵՄՊՈՒՍ ծրագիրը 2014թ․-ի հունվարի 1-ից հետո

2013թ․ դեկտեմբերի 31-ին ՏԵՄՊՈՒՍԻ առաջարկների ընդունման մրցույթները մոտեցան իրենց ավարտին: Ընթացիկ ծրագրերը (ներառյալ նրանք, որոնք ընտրվել էին 2013 թ․-ի առաջարկների 6-րդ մրցույթի արդյունքում) կշարունակեն իրենց գործունեությունը մինչև իրենց դրամաշնորհային համաձայնագրերի ավարտը: 2014 թ․-ի հունվարի 1-ից ՏԵՄՊՈՒՍ ծրագրի հիմնակական ուղղությունները շարունակվում են ԵՄ նոր Էրազմուս+ ծրագրի՝ Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում գործողության շրջանակներում։ Այս գործողությունը ընդգրկում է ՏԵՄՊՈՒՍԻ երկրները, որոնց թվին ավելացել են Լատինական Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի, Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան երկրները:

Էրազմուս+-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020 թթ. ժամանակահատվածում: Այն փոխարինում և համախմբում է  ընթացիկ յոթ ծրագրերը, այդ թվում`ՏԵՄՊՈՒՍՆ ու Էրազմուս Մունդուսը: