Որոնել

+

Ծրագրերի մշտադիտարկում

Էրազմուս+ ծրագրերի մշտադիտարկումը նախկին Տեմպուս 27 երկրներում (ներառյալ Հայաստանը) իրականացվում է համատեղ՝ Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության, Ծրագրային երկրների Ազգային գործակալությունների և Գործընկեր երկրների Էրազմուս+ գրասենյակների մասնակցությամբ: Հայաստանում  Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը պատասխանատու է հայաստանյան բուհերում և կազմակերպություններում Էրազմուս+ ծրագրի հետևյալ գործողությունների իրականացման մշտադիտարկամն համար՝ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն և ՀԳ2 Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացում:

 

Էրազմուս+ Հիմնական Գործողություն 1․ Միջազգային կրեդիտային շարժունության  ծրագրերի մշտադիտարկումը Հայաստանում

Մինչ Ծրագրային երկրների բուհերում Էրազմուս+ շարժունության մշտադիտարկումն իրականացվում է Ազգային գործակալությունների կողմից, Գործընկեր երկրներում Էրազմուս+ գրասենյակները պարբերաբար հետևում են կրեդիտային շարժունության իրականացմանը: Մշտադիտարկման նպատակով յուրաքանչյուր բուհ այցելելիս Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը ուսումնասիրում է տվյալ բուհում գործող Էրազմուս+ շարժունության  ծրագրերի բոլոր երկկողմանի պայմանագրերը Ծրագրային երկրների համալսարանների հետ:

Շարժունության նպատակով մշտադիտարկման այցերի հիմնական նպատակներն են՝

  • գնահատել, թե ինչպես են բուհերը պահպանում միջինստիտուցիոնալ համաձայնագրով և Էրազմուս+ բարձրագույն կրթության կանոնադրությամբ (Erasmus Higher Education Charter) սահմանված սկզբունքները,
  • համոզվել, որ շարժունության իրագործման համար անհրաժեշտ փաստաթղթերը (օր․՝ միջինստիտուցիոնալ համաձայնագրերը, դրամաշնորհային համաձայնագրերը, ուսումնառության կամ շարժունության համաձայնագրերը) գործում են և ստորագրված են բոլոր շահագրգիռ կառույցների և անձանց կողմից,
  • շարժունության մասնակիցների ընտրության գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել (օր․՝ չափորոշիչների սահմանում, տեղեկատվության տարածման թափանցիկություն և այլ),
  • համոզվել, որ մասնակիցների երկկողմանի շարժունությունն ապահովելու նպատակով հայաստանյան բուհերը վերջիններիս տրամադրում է համապարփակ աջակցություն,  
  • ուսումնասիրել բուհերում  շարժունության մասնակիցների (ուսանողների, դասախոսների և վաչական աշխատակիցների) ընտրության  չափանիշներն ու ընտրության գործընթացի թափանցիկությունը։
  • համոզվել, որ հայաստանյան բուհերն ապահովում են շարժունության ընթացքում ձեռք բերված ECTS կրեդիտների փոխճանումը:

Շարժունության մշտադիտարկամն ընթացքում Էրազմուս+ գրասենյակի աշխատակիցները նախ հանդիպում են բուհի՝ Էրազմուս+ համակարգողներին (որպես կանոն, միջազգային կապերի գրասենյակից) ովքեր պատասխանատու են Ծրագրային երկրների բարձրագույն ուսումնական  հաստատությունների հետ երկկողմանի շարժունության կազմակերպման համար: Վերջիններս մշտադիտարկողերին ներկայացնում են բոլոր ծրագրային փաստաթղթերը (այն է՝ միջինստիտուցիոնալ համաձայնագրերը, դրամաշնորհային պայմանագրերը, ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների շարժունակության եռակողմ համաձայնագրերը) և տեղեկատվություն են տրամադրում Էրազմուս+ շաժունության միջոցով եվրոպական բուհերի հետ գործընկերության մանրամասների մասին (շարժունության մասնակիցների ընտրության չափանիշներ, որոշումներ կայացնելու ընթացակարգը, շարժունության թեկնածուներին ակադեմիական և վարչական աջակցության տրամադրելու կարգը, կազմակերպչական ծախսերին վերաբերող որոշումները և այլն):

Այնուհետև Էրազմուս+ գրասենյակի աշխատակիցները անհատապես հանդիպում են շարժունությանը մասնակցած ուսանողներից և բուհական անձնակազմի ներկայացուցիչներից մի քանիսի հետ (մասնակիցների թիվը որոշվում է համաչափությամբ, որպեսզի մշտադիտարկողները կարողանան որակապես գնահատել առկա ընթացակարգերը): Էրազմուս+ գրասենյակը կարող է պահանջել հավելյալ հանդիպումներ բուհերի ուսանողական միությունների (ուսխորհուրդների) կամ այլ ուսանողական մարմինների ներկայացուցիչների հետ: Մշտադիտարկողները հարցախուզում են մասնակիցներին և նախագծում են մշտադիրակման հաշվետվության նախագիծը: Այցի ընթացքում առանձին հանդիպում է կազմակերպվում նաև շարժունությունն իրականացնող համալսարանի ղեկավարության հետ, որի ընթացքում գնահատվում է բուհական միջավայրի վրա Էրազմուս+ շարժունության ծրագրերի ազդեցության աստիճանը։ 

Ելնելով մշտադիտարկման արդյունքներից՝ Էրազմուս+ գրասենյակը այցելած հաստատության համար մշակում է իր ծրագրային առաջարկությունների ցանկը: Եվրոպական հանձնաժողովը և համապատասխան երկրների Ազգային գործակալությունները տեղեկացվում են մշտադիտարկման այցի արդյունքների մասին: Գրասենյակը պարտավոր է զգուշացնել Եվրոպական հանձնաժողովին և Ազգային գործակալություններին լուրջ խախտումների մասսին: Բացի այդ, այն կարող է զեկուցել Կրթության և գիտության նախարարությանը պոտենցիալ խնդիրների մասին՝ նպատակ ունենոլվ նպաստել կրեդիտների ճանաչման ընթացակարգի  բարելավմանը և լավագույն փորձի խթանմանը:

 

Էրազմուս+ Հիմնական Գործողություն 2․ Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերի մշտադիտարկումը Հայաստանում

Այս ծրագրերի մշտադիտարկումը Հայաստանում  իրականացվում է  Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության A4 բաժնի կողմից  մշակված և վերահսկվող Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման մշտադիտարկման ռազմավարության հրամայականով: Մշտադիտարկման հիմնական նպատակն է գնահատել  Գործընկեր երկներում ընթացող յուրաքանչյուր կարողությունների զարգացման ծրագրի առաջընթացն  ու ձեռքբերումները: Յուրաքանչյուր այցի նպատակն է ծանոթանալ ծրագրային գործողություններին և ընթացիկ արդյունքներին, ինչպես նաև  քննարկել ծրագրի իրականացման ընթացքում ծագած գործառնական և (կամ) ֆինանսական  խնդիրները:

Կարողությունների զարգացման ծրագրերի մշտադիտարկման տեսակներն են՝

Կանխարգելիչ․ իրականցվում է ծրագրի մեկնարկից 6 ամսվա ընթացքում, նպատակ ունի Էրազմուս+ կանոնների և ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրել աշխատանքային թիմերին, ինչպես նաև քննել մշտադիտարկվող ծրագրի նպատակները, առաջնահերթությունները, մեթոդաբանությունը, պլանավորված գործողությունների հաջորդականությունը և այլն։
Խորհրդատվական․ իրականացվում է ծրագրի 2րդ կեսին, նպատակ ունի ծանոթանալ ծրագրի ընթացքին՝ առաջարկություններ տալով ծրագրային կառավարման բովանդակային, վարչական և ֆինանսական ասպեկտների վերաբերյալ։
Վերահսկողական․ իրականացում է ծրագրի ավարտից հետո և նպատակ ունի ստուգել ծրագրի արդյունքները, գնահատել դրանց կայունությունն ու որակը:

Կարողությունների զարգացման յուրաքանչյուր ծրագիր ունի իր առանձնահատկությունները: Կախված ծրագրի բովանդակությունից, միջանկյալ զեկույցներից և (կամ) նախորդ մշտադիտարկման այցի արդյունքում տրված առաջարկություններից՝ Էրազմուս+ ծրագրի աշխատակազմը որոշ հարցերի քննարկումը կարող է ավելի առաջնահերթ համարել։ Գրասենյակը մշտադիտարկման ընթացքում ակնկալում է ծրագրում ներգրավված բոլոր կողմերի (թիմերի) ներկայացուցիչների (այդ թվում և ոչ ակադեմիական գործընկերների) ներկայությունը: Կարևոր է նաև, որ բուհական թիմերի բոլոր անդամները ակտիվորեն մասնակցեն քննարկումներին:

Մինչև մշտադիտարկման այցը ազգային թիմերը պետք է ներկայացնեն իրենց բուհերում ծրագրի ընթացքի և արդյունքների մասին վկայող բոլոր գրավոր փաստաթղթերը (հանդիպումների արձանագրություններ, պատրաստված նյութեր և փաթեթներ, հրատարակություններ և այլն): Էրազմուս+ գրասենյակն այդպես կարող է ավելի հստակ պատկերացում կազմել ծրագրի դինամիկայի մասին և իր զեկույցի մեջ արտացոլել ծրագրի պլանավորման և իրականացման ամենաուժեղ կողմերը:

Այցի շրջանակներում Էրազմուս+ գրասենյակը խորհուրդ է տալիս մասնակից թիմերին մշտադիտարկումը սկսել ծրագրի ընթացքի և առկա արդյունքների հակիրճ PowerPoint ներկայացմամբ: Ծրագրերը գնահատվում են ըստ հինգ չափանիշների `կառուցվածքն ու արդիականությունը, իրագործման արդյունավետությունը, ազդեցության աստիճանը, ընթացիկ ձեռքբերումներն ու  կայունությունը: Ցանկալի է, որ յուրաքանչյուր գործընկեր հաստատություն մշտադիտարկման համար պատրաստի PowerPoint պրեզենտացիա՝ ներկայացնելով  այս 5 չափանիշի համաձայն ծրագրի իրականացման առաջընթացը:

Ստորև կարող եք գտնել մշտադիտարկման այցի նախապատրաստական հարցերի ցանկն անգլերենով: Հրավիրում ենք Ձեր ուշադրությունն առ այն, որ դրանք ընդհանուր հարցեր են, որոնք օգտագործվում են բոլոր շահագրգիռ կողմերի (ուսանողների, դասախոսների, վարչական աշխատողների) հետ քննարկման ընթացքում: