Search

Էրազմուս+ ABioNet ծրագրի մեկնարկային հանդիպումը Սալոնիկում

2018թ. փետրվարի 5-ից 9-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկեց Էրազմուս+ «Բիոարտադրանքի գիտությունների և տեխնոլոգիակների հայակական գերազանցության ցանցի ստեղծում» /Armenian Network of Excellence in Bio-products Science and Technology/AbioNet կարողությունների զարգացման ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի և Եվրամիության երկրների բուհերի միջև կենսամթերքների արտադրության ոլորտում կրթության, նորարարության և ձեռներեցության համակարգված կապի ստեղծումն է: Մասնավոր նպատակն է համատեղ պիլոտային մագիստրոսական ծրագրի ստեղծումը, ինչպես նաև տարբեր շահառուների համար (ոլորտի դասավանդողներ, ուսումնառողներ) կարողությունների զարգացմանը միտված կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների, աշխատաժողովների կազմակերպումը, ոլորտին անհրաժեշտ սարքավորումներով և նյութատեխնիկական բազայով համալրումը, գործընկեր համալսարանների դասախոսների և ուսանողների կարճաժամկետ և երկարաժամկետ շարժունության ապահովումը:

Աշխատաժողովին ներկա էին ներկայացուցիչներ ծրագիրը համակարգող Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտից (Հունաստան), ծրագրի անդամ հանդիսացող հայաստանյան հաստատություններից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Երևանի պետական համալսարանից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանից, Գավառի պետական համալսարանից,  ինչպես նաև ծրագրի եվրոպական գործընկեր բուհերից` Դրեզդենի տեխնիկական համալսարանից (Գերմանիա), Տեռամոյի համալսարանից (Իտալիա), Պորտուգալիայի կաթոլիկե համալսարանից:

Հանդիպման ընթացքում նաև քննարկվեցին առաջիկա մեկ տարվա աշխատանքային պլանը, որն իր մեջ ներառում է ինչպես հաջորդ աշխատանքային հանդիպումների ժամանակացույցը, այնպես էլ ծրագրի իրականացման համար կարևոր նախապայման հանդիսացող կրթական ծրագրերի նախնական կառուցվածքն ու ուղղությունները, դասավանդվող ծրագրերի բովանդակությունն ու ակնկալվող վերջնարդյունքները: Ծրագիրը ոչ միայն կարևոր ձեռքբերում է գործընկեր համալսարանների և արտաքին շահառուների համար, այլև պարտավորեցնող պատասխանատու գործոն վերջնարդյունքի ներդրման, կրթության որակի շարունակական բարելավման, արդիականացման, միջազգայնացման, կրթության և ձեռներեցության կապի ամրապնդման, ինչպես նաև ԵՄ և հայաստանյան ուսումնական հաստատությունների միջև կրթական հարթակում փորձի փոխանակման տեսանկյունից:

Posted in: Նորություններ