Որոնել

+

Հավատարմագրումը Հայաստանում

Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության  կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման  ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը: Մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովումը ՀՀ-ում  իրականացվում է պետական հավատարմագրման հետևյալ երկու  գործընթացներով.

1. ինստիտուցիոնալ հավատարմագրում,

2. մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրում:

Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է ՀՀ տարածքում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների  համար: Ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախապայման է ծրագրային  հավատարմագրման համար:

Մասնագիտության կրթական ծրագրի (Ծրագրային) հավատարմագրում  իրականացվում է բուհի նախաձեռնությամբ, կամավորության սկզբունքով, բացառությամբ բժշկական մասնագիտությունների կրթական ծրագրերի, որոնք պարտադիր պետք է անցնեն ծրագրային հավատարմագրում:

 

Հավատարմագրման գործընթացը ներառում է 3 փուլ`

ա. ինքնավերլուծություն` հաստատության կամ կրթական ծրագրի ինքնավերլուծության գործընթաց, որի արդյունքնում պատրաստվում է զեկույց` հիմնված ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշների վրա,

բ. փորձաքննություն` անկախ փորձագետների խմբի կողմից ինքնավերլուծության և կից ներկայացված հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրություն և այց ուսումնական հաստատություն: Այցի ժամանակ տեղի են ունենում հանդիպումներ վարչական, պրոֆեսորադասախոսական համակազմի, ուսանողության ներկայացուցիչների, շրջանավարտների, գործատուների հետ, ինչի արդյունքում պատրաստվում է փորձագիտական զեկույց, որը ներառում է գնահատական, ինչպես նաև խորհրդատվություններ բարելավման վերաբերյալ,

գ. որոշման կայացում` հավատարմագրման հանձնաժողովի կողմից փաստերի ուսումնասիրություն, որոշման կայացում և առաջնահերթ  լուծում պահանջող խնդիրների մատնանշում:

 

Ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներն են `

1. Բուհի քաղաքականությունն  ու գործընթացներն իրականացվում են  ինստիտուցիոնալ առաքելության  և Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) համաձայն:

2. Բուհի կառավարման համակարգը, վարչական կառույցները և դրանց գործառնումն արդյունավետ են և միտված են հաստատության առաքելության ու նպատակների իրականացմանը` պահպանելով կառավարման էթիկայի կանոնները:

3. Մասնագիտական կրթական ծրագրերը (ՄԿԾ) համապատասխանում են հաստատության առաքելությանը, կազմում են հաստատության պլանավորման բաղկացուցիչ մաս և նպաստում են շարժունությանը և միջազգայնացմանը:

4․ Բուհ­ն ուսանողներին տրամադրում է համապատասխան աջակցություն՝ կրթական միջավայրի արդյունավետությունն ապահովելու նպատակով:

5․ Բուհի առաքելությանը հասնելու և ՄԿԾ-ների նպատակներն իրականացնելու համար հաստատությունն ապահովված է անհրաժեշտ մասնագիտական որակներ ունեցող պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմով:

6․ Բուհն ապահովում է հետազոտական գործունեության իրականացումը և կապն ուսումնառության հետ:

7․  Բուհն ունի անհրաժեշտ ռեսուրսներ` ուսումնական միջավայրի ստեղծման և սահմանված առաքելության ու նպատակների արդյունավետ իրականացման համար:

8․ Բուհն իր տրամադրած կրթության, իրականացրած հետազոտության և օգտագործած ռեսուրսների համար հաշվետու է պետությանը և հասարակությանը:

9․  Արտաքին կապերի միջոցով բուհ­ը խրախուսում է փորձի փոխանակումը և զարգացումը` նպաստելով հաստատության միջազգայնացմանը։

10․ Բուհն ունի որակի ապահովման ներքին համակարգ, որը նպաստում է հաստատության բոլոր գործընթացների շարունակական բարելավմանը և որակի մշակույթի ձևավորմանը:

 

Մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) հավատարմագրման չափանիշներն են `

1․ ՄԿԾ-ն համապատասխանում է ՀՀ որակավորումների ազգային շրջանակի, որակավորման բնութագրի և պետական կրթական չափորոշչի պահանջներին, ինչպես նաև բուհի առաքելությանը:

2․ ՄԿԾ-­ն ապահովված է մասնագիտական անհրաժեշտ որակավորումներ ունեցող դասախոսական կազմով` ՄԿԾ­ի նպատակներն իրականացնելու համար:

3․ ՄԿԾ­-ի շրջանակում կիրառվող դասավանդման և ուսումնառության մեթոդներն ապահովում են ուսանողների մոտ ուսումնառության ակնկալվող արդյունքների ձեռքբերումը:

4․ ՄԿԾ-­ն ունի ակադեմիական ազնվությանը նպաստող գնահատման համակարգ, որը թույլ է տալիս հավաստել ուսանողի առաջընթացը և ուսումնառության ակնկալվող արդյունքների ձևավորումը և ձեռքբերումը:

5․ ՄԿԾ-­ի շրջանակում ապահովվում է կապը հետազոտական ու ստեղծագործական գործունեության և ուսումնառության միջև:

6․ ՄԿԾ-­ն նպաստում է որակյալ կրթություն իրականացնելուն` ձևավորելով ուսումնառության համար բարենպաստ միջավայր:

7․ ՄԿԾ-­ի շրջանակում առկա է որակի ներքին համակարգ, որն ապահովում է ՄԿԾ­-ի որակի կայունությունը և շարունակական զարգացումը:

Ինստիտուցիոնալ և ՄԿԾ հավատարմագրման կանոնակարգերի, չափանիշների և գնահատման չափորոշիչների մանրամասն նկարագրությունը հասանելի է ՈԱԱԿ-ի կայքում:

Հավատարմագրման արդյունքները հանրայնացնելու և միջազգային կազմակերպություններին տեղեկատվության տրամադրման նպատակով ՈԱԱԿ-ը վարում է Պետական հավատարմագրման գրանցամատյան, որի մեջ ներկայացված է տեղեկատվություն Հայաստանում հավատարմագրված բոլոր բուհերի և ՄԿԾ-ների մասին:

Հավատարմագրման կարգն ու քայլերը

Հավատարմագրման գործընթաց անցնելու համար ուսումնական  հաստատությունը կարող է դիմել ՈԱԱԿ-ին կամ Որակի ապահովման  եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված, ինչպես նաև Բարձրագույն  կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)  լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններին: Եվրոպական  բարձրագույն կրթական տարածքից դուրս երկրների հետ  մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական  հաստատությունները կամ ՀՀ տարածքում գործող այդ երկրների  մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը  կարող են հավատարմագրվել այլ ճանաչված կառույցների կողմից, որոնց  ցանկը հաստատում է ՀՀ ԿԳ նախարարը: Միջազգային հավատարմագրման դիմած ուսումնական հաստատությունը հինգ օրացուցային  օրվա ընթացքում պետք է ՈԱԱԿ-ին տեղեկացնի օտարերկրյա կազմակերպությունների կողմից հավատարմագրման գործընթացի մեկնարկի մասին:

Ինստիտուցիոնալ հավատարմագրման քայլերը հետևյալն են՝

1. Բուհը ներկայացնում է ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմում – հայտ և ինքնավերլուծությունն ամփոփող փաստաթղթով։

2. Ստուգվում  է փաստաթղթերի՝ հավատարմագրման պահանջներին համապատասխանելիությունը։

3. Դիմորդ բուհը ճանաչվում է որպես հավատարմագրվող կառույց։

4. Բուհը վճարում է հավատարմագրման հայտը քննելու համար նախատեսված վարձավճարը։ 

5. Կազմվում է հավատարմագրման փորձագիտական ​​հանձնաժողովը։

6. Փորձագիտական հանձնաժողովը հավատարմագրման նպատակով այցելում է բուհ և գրում հավատարմագրման զեկույցի նախագիծ։

7. ՈԱԱԿ-ի Հոգաբարձուների խորհուրդը հավատարմագրման մասին որոշում է կայացնում։

8. ՈԱԱԿ-ի Հավատարմագրման Հանձնաժողովի կողմից հրապարակվում է հավատարմագրման մասին վերջնական որոշումն ու ՈԱԱԿ-ն հրապարակում է հավատարմագրման զեկույցը։

9. Հավատարմագրման վկայականն ու հավելվածները ուղարկվում են հաստատման ՀՀ Կրթության և գիտության նախարարություն։ 

10. Հավատարմագրված հաստատությունը ՈԱԱԿ-ի կողմից ներառվում է Պետական ​​հավատարմագրման գրանցամատյանի մեջ։

Հոգաբարձուների խորհուրդը կարող է կայացնել որոշումներ՝ 

– Ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու մասին,

– Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու մասին,

– Ինստիտուցիոնալ հավատարմագրումը մերժելու մասին։

Դիմում-հայտի ընդունման կամ մերժման ընթացակարգը սահմանվում է Հավատարմագրման կարգով:

 

ՄԿԾ հավատարմագրման քայլերը հետևյալն են՝

1. Հայտը ներկայացվում է ՈԱԱԿ-ի կողմից մշակված և  Հոգաբարձուների խորհդի կողմից հաստատված ձևչափով։ 

2. Բուհը ներկայացնում է կրթական գործունեություն իրականացնելու մասին իր լիցենզիան։

3. Բուհը լրացնում է համապատասխան էլեկտրոնային առցանց հարցաշարը  web.survey.anqa.am էջում։ 

4. Բուհը ներկայացնում է ինստիտուցիոնալ հավատարմագրման իր վկայականը (պետական հավատարմագրում)։

 

Հավատարմագրման պայմանները

Ինստիտուցիոնալ հավատարմագրումը տրվում է 4 կամ 6 տարով: Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրումը տրվում է 2 տարի ժամկետով։ Պայմանական հավատարմագրում ստացած հաստատությունը չի կարող դիմել ՄԿԾ հավատարմագրման: Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրման դեպքում ուսումնական հաստատությունը չի կարող  նոր մասնագիտություն առաջարկել:

ՄԿԾ հավատարմագրումը տրվում է 5 տարի ժամկետով։ Փորձագիտական զեկույցում նշված թերությունների առկայության պարագայում պայմանական ծրագրային հավատարմագրումը տրամադրվում է առավելագույնը 2 տարի ժամկետով: Պայմանական ծրագրի հավատարմագրման շնորհումից հետո բուհը յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում ՈԱԱԿ-ին գրավոր զեկույց է ներկայացնում թերությունների վերացման վերաբերյալ: Նշված ժամանակահատվածում թերությունները չվերացնելու դեպքում պետական հավատարմագրման վկայականը կորցնում է իր ուժը:

Գործընթացի տևողությունը

Դիմումի ընդունումից հետո ՈԱԱԿ-ն իրականացնում է ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը մեկ տարվա ընթացքում: Հայաստանյան օրենսդրության համաձայն, դիմումի ընդունումից մեկ շաբաթվա ընթացքում  դիմումատուի և ՈԱԱԿ-ի միջև կնքվում է ծառայություննների մատուցման պայմանագիր: Գործընթացի մեկնարկի ամսաթիվն ու ժամանակացույցը հստակ նշվում են պայմանագրում:

Հավատարմագրման վերականգնումը

Ինստիտուցիոնալ և ՄԿԾ հավատարմագրման ժամկետների ավարտից առնվազն մեկ տարի առաջ բուհը պետք է դիմի ՈԱԱԿ-ին` նոր հավատարմագրման գործընթացներ մեկնարկելու համար:

Աղբյուր՝ © ՈԱԱԿ